Հարավային Կովկասում տիրող անհանգիստ մթնոլորտը պահանջում է անվտանգության և կայունության ապահովում տարածաշրջանի բոլոր պետությունների և ժողովուրդների համար, մանավանդ եթե հաշվի առնենք Հարավային Կովկասի աշխարհագրական և աշխարհաքաղաքական կարևոր նշանակությունը ։ Մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Հունաստանում ԵԱՀԿ գագաթնաժողովի ելույթը՝ նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Հիշեցնենք, որ իր ելույթում նախարար Նալբանդյանը կոչ էր արել ստեղծել եվրատլանտյան անվտանգության ավելի արդյունավետ համակարգ։

Կազիմիրովի խոսքերով, անվտանգության ապահովման հարցն առավել կենսական է հատկապես հակամարտող երկրներում։

«Հայերը և ադրբեջանցիները պետք է որոնեն ոչ թե բախման, այլ պատմական համերաշխության հաստատման ուղիներ։ Բայց մեկի անվտանգությունը չպետք է ապահովվի մյուսի անվտանգութայն հաշվին, և հենց դա է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտը»,- նշել է Կազիմիրովը։

Դիվանագետը հավելել է, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կոմիտեն հատկապես անվտանգության ապահովման հարցում է, որ թերանում է՝ զբաղվելով բոլորովին այլ գործով։ «Թերացման օրինակները բազմաթիվ են, ներառյալ նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, որով արդեն 17 տարի է զբաղվում է ԵԱՀԿ-ն։

Բերեմ ընդամենը մի օրինակ՝ ԵԱՀԿ-ն քաջ գիտակցելով, որ կողմերի միջեւ դեռեւս ոչ մի լուրջ փաստաթուղթ չի ստորագրված, եթե հաշվի չառնենք 1995թ-ի փետրվարի 4-ի զինադադարի մասին համաձայնագիրը, դեռեւս ոչինչ չի նախաձեռնել, որ կողմերը հավատարիմ մնան համաձայնագրի պահանջներին ։ Հակամարտող երկրների սահմանագլխին շարունակվում են հրադադարի խախտման դեպքերը։

Ամեն տարի փոխվում են ԵԱՀԿ-ի գործող նախագահները, բայց նրանցից ոչ մեկը հակամարտող կողմերին մինչ օրս չի հարցրել՝ ինչո՞ւ չեք պահպանում համաձայնագրի պայմանները»,- հավելել է Կազիմիրովը։