Վթարի ենթարկված դերասանուհի Անի Երանյանի մեքենայի ուղեւորներից հնչյունային ռեժիսոր Հայկ Մխիթարյանի առողջական վիճակը կայունացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ երիտասարդի առողջական վիճակում դրական փոփոխություն կա, նա գիտակցության է եկել եւ արդեն անջատել են արհեստական շնչառության ապարատը:
Հիվանդանոցից NEWS.am-ը տեղեկացավ, որ երեկ դուրս է գրվել դերասանուհի Անի Երանյանը: Նա մինչ այդ գտնվում էր Վնասվածքաբանության բաժանմունքում: Նա այժմ տանն է, վիճակը լավ է:
Հիշեցնենք, որ դերասանուհի Անի Երանյանը հուլիսի 18-ին, իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը, Իզաբելա Դանիելյանը:
Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, նրա կինը՝ Մարինե Կարապետյանը, նրանք եւս դիմել էին հիվանդանոց: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























