Նոր Սահմանադրությունը լուրջ փոփոխություններ կբերի քաղաքական դաշտում, կհստակեցվի, թե ով ինչի համար է պատասխանատվություն կրում, եւ ում առաջ է հաշվետու: Այս մասին այսօր՝ հուլիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ ավելացնելով, որ կիսանախագահական-կիսախորհրդարանական համարկարգն արդեն հուշում է, որ մի բան կիսատ է:

«Նոր Սահմանադրությամբ վարչապետն է պատասխանատվություն կրում եւ հաշվետու է խորհրդարանի առջեւ: Խորհրդարանական համակարգին անցնելով, այդ «կիսա» մասնիկը վերանում է, հստակեցվում է պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

ՀՀԿ պատգամավորին անհասկանալի է թվում այն հանգամանքը, որ նոր Սահմանադրությունը քննադատությունների է արժանանում մի շարք խորհրդարանական ուժերի կողմից, որոնք բազմիցս հանդես են եկել սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու կոչերով:

«2009թ. բոլոր խորհրդարանական ուժերը սահմանադրական բարեփոխումներ էին առաջարկում, բացի ՀՀԿ-ից, իսկ հիմա, երբ ՀՀԿ-ն առաջարկում է բարեփոխումներ, բոլորը քննադատում են, դա ինձ համար անհասկանալի է»,- ասաց պատգամավորը :

Սուիքիաս Ավետիսյանի խոսքով՝ նախքան Նոր Սահմանադրության տեքստի հրապարակումը, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը եղել է մարզերում եւ փորձել է հասարակության լայն զանգվածներին իրազեկել առաջարկվող Սահմանադրության դրույթների վերաբերյալ:

«Իշխանության առջեւ, որն այսօր բարեփոխումներ է ձեռնարկել, շատ մեծ խնդիր է մարզերում եւ ընդհանրապես հասարակության լայն զանգվածներին շատ մանրամասնորեն տեղյակ պահել այն հիմնական դրույթների մասին, որ տեղ են գտնելու առաջիկա Սահմանադրության մեջ: Դրա հետ կապված, կարծում եմ, դեռեւս ժամանակ կա: Հիմա շատ ակտիվ քննարկումներ են տեղի ունենում: Ես այդ քննարկումներից մեկ, երկուսին եղել եմ: Չէի ասի, որ մեծ թվով մարդիկ կային, բայց ցանկացողները մասնակցում են»,- ասաց Ավետիսյանը:

Անդրադառնալով նոր Սահմանադրության վերաբերյալ ազգային փոքրամասնությունների դժգոհություններին՝ ՀՀԿ պատգամավորը նշեց, որ նրանք դժգոհելու առիթ չունեն, քանի որ բարեփոխումների մեջ կա հստակ անդրադարձ փոքրամասնություններին:

Պատգամավորը նշեց, որ սահմանադրական բարեփոխումների հատուկ հանձնաժողովը պատրաստ է քննարկել փոքրամասնությունների բոլոր խնդիրները եւ առաջարկությունները: