Սիսիանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում անցած տարվա հոկտեմբերի 25-ին 28-ամյա Անի Դավթյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Նրանց խոսքով՝ փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել: Քրեական գործով, այս պահի դրությամբ, որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության՝ Անի Դավթյանը հիվանդանոց է տեղափոխվել 2014թ.-ի հոկտեմբերի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում, պտղաջրերի էմբոլիա ախտորոշմամբ, մահացել հաջորդ օրը՝ հոկտեմբերի 25-ին, ժամը 22:05-ի սահմաններում։

Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: