Անկարայի գլխավոր դատախազությունը հարցում է ուղարկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, խնդրելով Հրանտ Դինքի սպանության փաստի առթիվ հետաքննություն իրականացնելու թույլտվություն տալ: Մասնավորապես, Գլխավոր դատախազությունն ուզում է պարզել, թե արդյոք, կարո՞ղ էր Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը (MIT) կանխել լրագրող Հրանտ Դինքի սպանությունը:

Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը Էրդողանին ուղղված իր պատասխանում նշել է. «Մենք ոչ մի տեղեկություն կամ փաստաթուղթ չունենք Հրանտ Դինքի սպանության մասին: Սպանության մասին ոչ մի փաստաթուղթ չի ուղարկվել մեզ` անվտանգության ծառայության այլ ստորաբաժանումներից»: Հաղորդում է Hurriyet Daily News & Economic Review-ն:

Այս ամենի արդյունքում, Թուրքիայի վարչապետը թույլ չի տվել հետաքննություն իրականացնել: Էրդողանի պաշտոնական պատասխանն ուղղված Անկարայի գլխավոր դատախազությանը, գտնվում է վարչապետի սեղանին եւ սպասում է ստորագրության: Բանն այն է, որ Ազգային հետախուզության կազմակերպության եւ նրա աշխատակիցների գործողությունների վերաբերյալ ցանկացած իրավական հետաքննություն պետք է հավանության արժանանա երկրի վարչապետի կողմից:

Հրանտ Դինքի սպանության գործով դատապաշտպանները հայտարարում են, որ մարդասպանները գտնվում են լուրջ հովանավորների պաշտպանության ներքո: Նրանք նաեւ պնդում են, որ Ազգային հետախուզության կազմակերպությանն ու ոստիկանությանը հայտնի է եղել, որ հայ լրագրողին ուզում են սպանել, բայց նրանք ոչ մի քայլ չեն ձեռնարկել հանցագործությունը կանխելու համար: