Ստավրոպոլում ոստիկանները փոխհրաձգության ժամանակ սպանել են երկու հանցագործների, որոնք օգոստոսի 14-ին հարձակվել են իրենց գործընկերների վրա:
«Մոտավորապես ժամը 14-ին երկու ավազակներ, որոնք ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների վրա հարձակումից հետո ցանկանում էին թաքնվել, հայտնաբերվել են Սուվորովյան կայարանի մոտ: Հանձնվելու առաջարկին նրանք պատասխանել են կրակոցներով: Սկսված փոխհրաձգության արդյունքում երկու հանցագործներն էլ սպանվել են»,-պատմել են ոստիկանները: Վիրավորվել է նաեւ ոստիկաններից մեկը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երկու ավազակներ կրակ են բացել պարեկապահակային ծառայություն անցկացնող ոստիկանների ուղղությամբ, որի հետեւանքով ոստիկաններից մեկն սպանվել է: Սուվորովյան կայարանի մոտ ոստիկանները կանգնեցրել են երկու տղամարդու, որպեսզի ստուգեն նրանց փաստաթղթերը: Այդ պահին նրանք սկսել են կրակել, հափշտակել են ծառայողական ավտոմատները եւ փախել անտառ: Սակայն քիչ անց, հանցագործներին շրջափակել են ոստիկանության աշխատակիցները:


























