Խարկովում անհայտ կորել է «Նոր ոճ» պարբերականի գլխավոր խմբագիր Վասիլի Կլիմենտեւը։ Նրա հարազատները դիմել են Ուկրաինայի ներքին գործերի նախարարության գլխավոր վարչություն ու հայտնել, որ Կլեմենտեւը դուրս է եկել տնից եւ չի վերադարձել։
Ըստ ՆԳՆ գլխավոր վարչության տվյալների՝ 47-ամյա լրագրողը օգոստոսի 11-ին դուրս է եկել տնից եւ անհայտ տղամարդու հետ հեռացել արծաթագույն BMW մեքենայով։ Թե ո՞ր ուղղությամբ է գնացել մեքենան, հարազատները չգիտեն։ Երբ Կլիմենտեւը տուն չի վերադարձել նաեւ հաջորդ օրը, հարազատները դիմել են ոստիկանություն։
Քրեական գործ դեռ չի հարուցվել, քանի որ նման դեպքերում գործ հարուցվում է անհետանալուց 10 օր հետո։ Ոստիկանության աշխատակիցները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները լրագրողին հայտնաբերելու ուղղությամբ։
Կլիմենտեւը «Նոր ոճ» ամսագրի հիմնադիրն է եւ գլխավոր խմբագիրը։ Պարբերականի պատրաստած նյութերը մեծավմասամբ ուժային կառույցներում եղած կոռուպցիայի վերաբերյալ են։
Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա վարչակազմի իշխանության գալուց հետո Ուկրաինայի լրագրողներն ավելի շատ են խոսում ճնշման եւ գրաքննության մասին։ Օրինակ մայիսին ТСН հեռուստաընկերության լրագրողները հայտարարեցին, որ գրաքննություն է մտցվել։ Ավելի ուշ ТВі եւ 5 հեռուստաընկերություններն ասացին, որ իշխանությունները պատրաստվում են նրանց զրկել հաճախականությունից։ Newsru.com-ի հաղորդմամբ, СТБ լրագրողներն էլ հայտարարել են համակարգային գրաքննության մասին։




























