Հայաստանում հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը (Ֆելլեր) բաց նամակով դիմել է Իսրայելի խորհրդարանի՝  Կնեսեթի, նախագահին ու պատգամավորներին, կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

NEWS.am-ը ներկայացնում է բաց նամակն ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Էդելշտեյն,

Կնեսեթի հարգելի անդամներ,

Սրտատրոփ եւ մեծ հույսով Հայաստանի հրեական համայնքի անդամները տեղեկացան Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ Կնեսեթի նիստին կայանալիք քննարկման մասին:

Սփյուռքի հրեաների աչքին Կնեսեթը մարմնավորում է իմաստուն եւ բարոյապես պարկեշտ մարդկանց ժողով:

Մենք մեծ հույսեր ենք կապում իսրայելական խորհրդարանականների հետ՝ հայ ժողովրդի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին իրենց դրական որոշման առնչությամբ:

Եթե մենք ցանկանում ենք կերտել ապագա, մենք պետք է հարգենք անցյալը եւ դրանով իսկ օրինակ ծառայենք նոր սերնդին:

Ծննդոց գրքի ի հայտ գալուց մինչեւ պետության ստեղծում եւ մինչ օրս Իսրայելը հսկայական զոհերի գնով Արարչի կարեւորագույն պահանջին՝ Արդարության սկզբունքին համապատասխանության բարձրագույն բարոյական քննություն է հանձնում:

Հասկանալով դա՝ աշխարհի ժողովուրդները, բազմաթիվ իշխանություններ եւ խորհրդարաններ սեւեռուն հայացքով հետեւում են Իսրայել պետության եւ հրեական սփյուռքի դիրքորոշմանն ամենասուր՝ Հայոց ցեղասպանության հարցում:

Մենք՝ հրեաներս, պատմական ընտրություն ենք կատարում. ճանաչել մեր բարոյական սկզբունքները որպես համընդհանուր եւ համամարդկային կամ հարաբերական եւ պայմանական՝ ի շահ քաղաքական ներկա դրությանը եւ թափանցիկ «նպատակահարմարությանը»:

Նայելով անսահման տառապանքներ կրած հայերի աչքերին՝ մենք՝ հրեաներս, ինչպես հայելու մեջ, տեսնում ենք մեր ժողովրդի տառապանքները: Հրեաների եւ հայերի մեծամասնությունը սրտատրոփ սպասում է ձեր՝ երկու ժողովուրդների ճակատագրի համար կարեւորագույն որոշմանը:

Կնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր ներդրում կդառնա նաեւ միջազգային հանրության՝ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված ջանքերում: Միանշանակ է, որ ժամանակին Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ավելի քիչ հավանական կդարձներ Հոլոքոստի իրականացումը: Դա էլ հենց հանդիսանում է այն գործոնը, որ միավորում է մարդկության դեմ նախկինում իրականացված հանցագործությունները: Հետեւաբար, Իսրայելի եւ հրեական ժողովրդի բարոյական պարտքն է նաեւ հանդես գալը որպես ցեղասպանությունների կանխարգելմանն  ուղղված պայքարի առաջամարտիկ»: