Սերժ Սարգսյանի՝ Թուրքիա չմեկնելու մասին հայտարարությունն ուղղված էր այն պետություններին, որոնք իրեն պարտադրել են սկսել ֆուտբոլային դիվանագիտությունը:

Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանն այսօր հայտարարել է, թե Սարգսյանի՝ սահմանների փակ մնալու դեպքում Թուրքիա չմեկնելու հայտարարությունը Թուրքիայում որպես սպառնալիք ընդունվեց, բայց դա իրականում ուղղված էր այն պետություններին, «որոնք դրդել են իրեն սկսել ֆուտբոլյան դիվանագիտությունը եւ պարտադրել են ապրիլի 22-ին ճանապարհային քարտեզի մասին հայտարարել»:

Ըստ Իգիթյանի՝ Հայաստանում բոլորը հասկանում են, որ դա սխալ քայլ էր, եւ ոչ Սերժ Սարգսյանը, եւ ոչ էլ Էդուարդ Նալբանդյանը կամավոր այդ քայլը չէին անի, մանավանդ, որ Օբաման այդ ժամանակ պատրաստվում էր օգտագործել «ցեղասպանություն» բառը։

Իգիթյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանը այդ հայտարարությամբ իր մեսիջն է ուղարկում այն պետություններին, որոնք պարտադրեցին, բայց դեռ ոչինչ չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։ Իգիթյանը նաեւ նշել է, որ Սերժ Սարգսյանը փակուղուց դուրս գալու ձեւը պետք է գտնի, որովհետեւ հայ-թուրքական սահմանը չի բացվելու։ «Հայ-թուրքական հարաբերություւնները պայմանավորված են ղարաբաղյան գործընթացով,այդ շղթան պետք է ճեղքել եւ նոր անցնել բանակցության։ Եթե Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա կունենա բարելավման զարգացումներ, ապա Սերժ Սարգսյանը կմեկնի Թուրքիա»,- հավելել է Իգիթյանը։