Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ մեկնաբանելով Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումը:

Նալբանդյանը մասնավորապես ասել է.

«Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։

Այսօր Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։

Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում հուլիսի 23-ին քվեարկությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը։ Բանաձեւին կողմ են քվեարկել Ներկայացուցիչների պալատի 124 անդամներ, դեմ՝ ոչ ոք, 8 պատգամավոր ձեռնպահ է քվեարկել։

Ընդդիմությունը քննադատել է, թե անհրաժեշտ էր ավելի միանշանակ փաստաթուղթ, բայց, հաշվի առնելով, որ վարչապետ Շառլ Միշելը խորհրդարանում ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը, կողմ է քվեարկել։