Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի արդյունքում տուժած Հակոբյանների փաստաբան Ռուբեն Բալոյանը երեկ՝ հուլիսի 23-ին, նորից բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Փաստաբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բողոքում շտկումներ է արել, նախադեպեր է կցել, ինչպես եւ ցանկացել էին, ինչպես նաեւ օրինակները ուղարկել է կողմերին: Վճռաբեկ դատարանի կողմից բողոքի վարույթ ընդունման կամ չընդունման հարցը հայտնի կդառնա եռամսյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ սեպտեմբեր ամիս:

Տուժող կողմը պահանջում է Վարդան Պետրոսյանին զրկել վարորդական իրավունքից 3 տարով, պատժաժամկետը փոխել, ինչպես նաեւ վճիռը փոխել Տաթեւիկ Հակոբյանի բուժման մասով:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 21:20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին:

Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր: Դատաքննությունը սկսվեց 2014 թվականի մարտի 12-ին: Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր ճանաչեց Վարդան Պետրոսյանին՝ նրան դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման:

Դատախազը եւ տուժող կողմը բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը, սակայն Վերաքննիչը անփոփոխ էր թողել վճիռը: