Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումն այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան լայնամասշտաբ գործողություն է իրականացրել երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում, հաղորդում է «Ռեյթերս»-ը:

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, ուղղաթիռների մասնակցությամբ այս գործողությանը մասնակցել է մոտ 5 հազար ոստիկան: Ստուգումներ են իրականացվել ավելի քան 100 օբյեկտներում, որտեղ կարող են թաքնվել «Իսլամական պետության» գրոհայինները կամ արմատական քրդական խմբավորման անդամները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:

Հուլիսի 23-ին Անկարայում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ ազգային անվտանգության խնդիրներին նվիրված նիստ է կայացել՝ կապված Սուրուչում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում իրավիճակի կտրուկ լարման հետ: