Սիսիան-Մեղրի ավտոճանապարհին հուլիսի 23-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով մահացած 4-ամյա աղջնակը նույն վթարից վիրավորված Անահիտ Ալեքսանյանի դուստրն է:
NEWS.am-ի տեղեկություններով՝ մեքենայի մեջ բացի նրանցից եղել են նաեւ Անահիտի 2-ամյա որդին եւ հայրը: Հայրը՝ Գենադի Գասպարյանը, գտնվում է Սիսիանի զինվորական հոսպիտալում: Նրա վիճակը կայուն է: Անահիտին եւ որդուն հուլիսի 23-ի երեկոյան տեղափոխել են Երեւան:
NEWS.am-ի թղթակցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը հայտնեց, որ փոքրիկն իրենց մոտ է գտնվում, վիճակը կայուն է, վտանգավոր ոչինչ չկա:
Նշենք, որ վիրավորները Երեւանի Շենգավիթ համայնքի բնակիչներ են:
Ավելի վաղ ԱԻՆ-ը հայտնել էր, որ հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար: Սիսիան-Գորիս ավտոճանապարհահատվածում բախվել են «Մերսեդես» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ եւ 3 վիրավոր:




























