Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հրավիրած հրապարակային քննարկումը՝ ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:
Քննարկմանը մասնակցում են «Հիմնադիր Խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգազսյանը, «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության ադամներ Դավիթ Սանասարյանը, Անդրիաս Ղուկասյանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը և մոտ 3 տասնյակ քաղաքացիներ:
Պարույր Հայրիկյանի խոսքով`Ազատության հրապարակում են հավաքվել այն քաղաքական ուժերն ու մտահոգ քաղաքացիները, որոնք դեմ են սահմանադրական բարեփոխումներին:
«Մենք չենք քննադատում Հայաստանի իշխանավորներից մեկին հարմար փոփոխությունները, քանի որ իրենց առաջադրած սահմանադրական բարեփոխումները քննադատելը նշանակում է ամրագրել այն: Մենք պարզապես «ո՛չ» ենք ասում այդ փոփոխություններին»,-ասաց Պարույր Հայրիկյանը՝ ավելացնելով, որ սահմանադրական բարեփոխումների գլխավոր թերությունն այն է, որ այնտեղ քաղաքացիներին վերաբերող հստակ դրույթներ չկան: Պարույր Հայրիկյանի խոսքով, եթե այս քննարկմանը միասնական որոշում կայացվի, ապա Ազատության հրապարակում ներկա քաղաքական ուժերի հետ միասին հուլիսի 30-ին Մատենադարանից երթով կշարժվեն Սահմանադրական դատարան»։
Նշենք, որ Ազատության հրապարակում քիչ թվով ոստիկաններ կան:





























