Թուրքիայի հարավ-արեւելքում իրականացված ահաբեկչության հետեւանքով երկու թուրք զինծառայող է սպանվել, եւս 4 հոգի վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչների խոսքով, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 26-ին, Դիարբեքիրում, որի բնակչության մեծ մասը քրդեր են: Տեղի ճանապարհներից մեկով անցնող զինվորական շարասյան հարեւանությամբ ականապատ ավտոմեքենա է պայթել:

Ըստ Lenta.ru-ի, թուրքական բանակում ենթադրում են, որ ահաբեկչության հետեւում կանգնած է Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ):

AFP-ի փոխանցմամբ, ԻՊ-ի եւ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ ուղղված Թուրքիայի ռազմական գործողություններից ի վեր ՔԱԿ-ը սպառնացել էր դադարեցնել զինադադարի պահպանումը:

Հուլիսի 24-ին Թուրքիան ռազմական գործողություններ էր սկսել Սիրիայում ԻՊ-ի եւ Հյուսիսային Իրաքում՝ Քրդական աշխատավորական կուսակցության դեմ:

Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում իրավիճակը կտրուկ սրվել է՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում ահաբեկչությունից եւ հարավ-արեւելյան գավառներում ոստիկանների սպանություններից հետո, որոնց պատասխանատվությունը ստանձնել է ՔԱԿ-ը: