Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղում սպանվել է Ռուսաստանում հայտնի քրեական հեղինակություն Սարգիս Հակոբյանը: Jnews.ge գործակալության այս տեղեկատվությունն այսօր՝ հուլիսի 28-ին, հաստատել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունում՝ նշելով, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Հակոբյանի սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 26-ին: Հարձակվողները դարանակալել են Խանդո գյուղի ճանապարհին, անտառում եւ ինքնաձիգից կրակ բացել քրեական հեղինակության մեքենայի վրա:

Արդյունքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ հայտնվել առվի մեջ: Որոշ ժամանակ անց տեղի բնակիչներից մեկը հայտնաբերել է մեքենան եւ սպանվածին ու զանգահարել 112:

Գյուղի բնակիչները նշել են, որ Սարգիսն ընտանիքի հետ հաճախ էր այցելում Ախալքալաք: Երբեմն նա ծնողներին իր հետ տանում էր Մոսկվա, բայց այս անգամ ինքն էր 10 օր առաջ ընտանիքի հետ այցելել Խանդո: