Երեւանում ամենաշատը 5000 թափառող շուն կա, որոնց ստերիլիզացնելու համար անհամեմատ քիչ գումար է անհրաժեշտ, քան բյուջեից ամեն տարի դուրս է գրվում եւ տրամադրվում թափառող կենդանիների վնասազերծումով զբաղվող «Յունիգրաֆ Իքս» ընկերությանը՝ դրանց ստերիլիզացնելու, քնեցնելու եւ վնասազերծելու համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության Կենդանաբուժության միջազգային բաժնի ղեկավար Դագմար Մայերը, որը Հայաստանում է՝ թափառող շների վերաբերյալ հետազոտություն անցկացնելու համար:
«Աֆրիկայում ընդամենը 3 տարում լուծվեց թափառող կենդանիների խնդիրը, զարմանալի է, որ Հայաստանում հնարավոր չի լինում լուծել այդ խնդիրը: Մեկ շուն ստերիլիզացնելու համար տասնապատիկ ավելի քիչ գումար է գնում, քան տարիներ շարունակ նրանց զանգվածային գլխաքանակի ոչնչացման համար դուրս է գրվում»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց համար զարմանալի է, որ ամեն տարի շների նույն քանակությունը ու նույն գումարն է ներկայացվում:
Դագմար Մայերը Հայաստանում է «Փրո Փոուզ» բարեգործական կազմակերպության շնորհիվ: Նրանք համատեղ ծրագիր են մշակում՝ Երեւանում թափառող շների ստույգ գլխաքանակը պարզելու համար: Դագմար Մայերը եւ «Փրո Փոուզն» արդեն մոնիթորինգ են անցկացրել Երեւանի երկու վարչական շրջաններում՝ Շենգավիթ եւ Էրեբունի, որտեղ 72 շուն են հայտնաբերել:
«Կոնկրետ հաշվարկվել է 72 թափառող շուն, որոնք մարդամոտ էին, ոչ վտանգավոր արտաքին տվյալներ ունեին: Կատաղած շունը ակներեւ է, նա հիվանդ է լինում»,- ասաց Դագմար Մայերը՝ նշելով, որ մարդկանց մոտ խուճապ կա, նրանք խուսափում են փողոցում թափառող բոլոր շներից՝ առանց տարբերելու՝ նրանք կատաղած են, թե ոչ:
Պետբյուջեից տարեկան 220 միլիոն (այս տարի այն կրճատվել է` դառնալով 120 միլիոն դրամ) դուրս է գրվում` թափառող հիվանդ շներին քնեցնելու, առողջներին` ստերիլիզացնելու համար:





























