Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող այգում այսօր՝ հուլիսի 31-ին, եզդի ուսանողուհիների նախաձեռնությամբ Իրաքի եզդիների ցեղասպանության մեկ տարվան  նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել։

Ցուցահանդեսին ներկայացված լուսանկարներում պատկերված է Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացվող եզդիների ցեղասպանությունը՝ սպանված տղամարդիկ, արտասվող երեխաներ, անտուն, անապատում թափառող ծերեր, կանայք և այլն:

NEWS.am-ի հետ զրույցում ցուցահանդեսի կազմակերպիչներից Բելլա Մուրազը նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է ՀՀ իշխանությունների, քաղաքացիների ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել Իրաքում տեղի ունեցող եզդիների ցեղասպանության փաստի վրա: Ցուցահանդեսի շրջանակում տեղի ունեցավ նաեւ դրամահավաք` նախօրեին Էրբիլից Երևան տեղափոխված 3 եզդի փախստական ընտանիքներին օգնելու համար։

«Արդեն 1 տարի Իրաքում կոտորում են եզդիներին, և միջազգային հանրությունը նրանց օգնելու ուղղությամբ ոչինչ չի անում: Այս ցուցահանդեսով ցանկանում ենք  ՀՀ իշխանությունների ուշադրությունը հրավիրել եզդիների ցեղասպանությանը: Սակայն այսօր, ցավոք, նկատեցինք, որ քաղաքացիները այնքան էլ  հետաքրքված չեն այս խնդրով»,-ասաց նա: