Այսօր «Ա1+»-ը, ի դեմս «Մելտեքս» ՍՊԸ-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի եւ իրավաբանական խմբի անդամներ Արտակ Զեյնալյանի ու Արայիկ Ղազարյանի, դիմել են ՀՀ Սահմանադրական դատարանինª խնդրելով հակասահմանադրական եւ անվավեր ճանաչել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204 հոդվածի 28-րդ պրիմ կետը, որը վերաբերում է դատարանի վճռի վերանայման ժամանակ գործին մասնակցող անձանց իրավունքներին ու պարտականություններին:

Բանն այն է, որ «Ա1+»-ի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո երրորդ ամսվա վերջում «Ա1+»-ը դիմել էր ՀՀ Վճռաբեկ դատարանինª պահանջելով վերանայել 2004 թվականին հեռուստաընկերության հայցերի վերաբերյալ կայացրած որոշումները: Վճռաբեկ դատարանը, օգտվելով օրենքով իրեն վերապահված լիազորություններից, իր նախկինում կայացրած որոշումները թողել էր ուժի մեջ եւ բողոքը մերժել էր: Ըստ էության, ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204 հոդվածի 28-րդ պրիմ կետը հնարավորություն է տալիս Վճռաբեկ դատարանին Եվրոպական դատարանի վճռից հետո չվերանայել իր որոշումը:

«Մեր համոզմամբ, այն դրույթը, որը Վճռաբեկ դատարանին լիազորություն է վերապահում չվերանայել իր որոշումը Սահմանադրական դատարանի որոշումներից եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներից հետո, հակասում է Սահմանադրության 18 եւ 19 հոդվածներին (իրավական եւ դատական պաշտպանություն): Եթե այդպիսի իրավունքներ Սահմանադրությամբ նախատեսված են, իսկ այդ իրավունքի իրացման արդյունքում կայացված դատական ակտը կյանքի չի կոչվում դա դառնում է անիմաստ եւ անօգտակար»,- NEWS.am-ին փոխանցեց Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, ըստ սահմանված ընթացակարգի, պարտավոր է 20-օրյա ժամկետում անդրադառնալ հայցը վարույթ ընդունելու հարցին եւ 6-ամսյա ժամկետում որոշում կայացնել: