Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում:
«Ես կարող եմ ասել, որ մենք գտնվում ենք վճռորոշ փուլում, քանի որ վերջին 5-6 տարիների ընթացքում անցկացված բանակցությունները հանգեցրել են որոշակի առաջարկների: Այդ առաջարկները Մինսկի խումբը պաշտոնապես ներկայացրել է Հայաստանին եւ Ադրբեջանին: Առաջարկները հավասարակշռված բնույթ ունեն: Առաջարկներն ընդունելու դեպքում խնդիրը հնարավոր է լուծել խաղաղ ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Ալիեւը:
«Առաջարկների էությունը նրանում է, որ Հայաստանի զավթիչ ուժերը դուրս են բերվում Ադրբեջանի օկուպացված տարածքներից եւ Ադրբեջանի քաղաքացիները վերադառնում են իրենց հարազատ հողեր: Դրա հետ միասին, անվտանգության ապահովման համար տեղակայվում են խաղաղարար ուժեր: Նախատեսված է միջանցք Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ, նաեւ այլ հարցեր: Այսինքն, հարցի էությունը նրանումն է, որ ադրբեջանական հողերը ազատվում են օկուպացիայից եւ վերականգնվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Ալիեւը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը ապագայի գործ է, թեեւ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի, որ Ղարաբաղն անկախ լինի:




























