Իրադարձություններին Ադրբեջանի նյարդային եւ հիվանդագին արձագանքը խղճահարություն է առաջացնում: Այս մասին հայտարարեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Արցախի հանրապետության կյանքի մասին գերմանական «Deutsche Welle» հեռուստառադիոընկերության ռեպորտաժի շուրջ Ադրբեջանի ԱԳՆ-ի վրդովմունքը:
«Հերթական անգամ սա ոչ թե արձագանք է իրադարձություններին, այլ իրականության հիվանդագին ընկալում: Լեռնային Ղարաբաղի միջազգային ինտեգրման գործընթացն անխուսափելի է, եւ այն շարունակվում է»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը:
Խոսնակը նաեւ նշեց, որ «Deutsche Welle»-ի նկարահանող խումբն Արցախ է եկել սեփական ցանկությամբ: «Ժամանեցին, քանի որ նրանց հետաքրքիր է ներկայացնել Լեռնային Ղարաբաղում կյանքի մասին իրականությունը: Եվ որքան էլ Ադրբեջանը սպառնա, ինչպիսի նոտաներ կամ հաղորդագրություններ էլ ուղարկի, չի հաջողվի խեղաթյուրել իրականությունը: Բոլորին է պարզ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, որը դեռեւս ճանաչվածի կարգավիճակ չի ստացել՝ աշխարհաքաղաքական խնդիրներից ելնելով: Ադրբեջանի նյարդային արձագանքը մեզ չի հուզում: Կարեւոր է այն, որ ճշմարտությունը հասնում է միջազգային հանրությանը»,- ամփոփեց Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն այնքան է վիրավորվել «Deutsche Welle»-ի ռեպորտաժի առիթով, որ որոշել է բողոքի նոտա ուղարկել:





























