Ուրիշներին մեղադրելուց առաջ ադրբեջանցի գործիչները պետք է նախ սեփական գործողությունների մասին մտածեն: Այս մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Ականների դեմ ադրբեջանական արշավ» կազմակերպության նախագահ Հաֆիզ Սեֆիխանովի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը, իբր, խախտում է միջազգային կոնվենցիաները:
«Հայաստանը շատ բան է արտադրում, բայց դա ամենեւին չի նշանակում, որ կոնվենցիաների խախտման մասին մեղադրանքները տեղին են: Հակառակը, ակտիվորեն զարգացնելով պաշտպանական արդյունաբերությունը՝ Հայաստանը, ամեն դեպքում, բաց չի թողնում խաղաղությանը հավատարմությունը գործով ցույց տալու առիթը: Հենց հայկական կողմն է պնդում դիպուկահարներին հեռացնելու եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ մշակելու հարցում, իսկ ադրբեջանական կողմն ամեն կերպ դիմադրում է»,- նշեց փորձագետը:
«Ամեն դեպքում, ադրբեջանցիները չէ, որ պետք է վրդովվեն միջազգային կոնվենցիաները չկատարելու հարցում: Գերիների հետ անմարդկային վերաբերմունքի բազմաթիվ փաստեր, որոնք որոշ դեպքերում մահվան պատճառ են դառնում, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների այցելություների մասով գերիների իրավունքների խախտումներ, ընտանեկան բնույթի տեղեկատվության փոխանակման՝ գերիների իրավունքի խախտում, հնարավոր բոլոր մարդասիրական նորմերի խախտումներ, երբ ադրբեջանական զինված ուժերը նույնիսկ ԿԽՄԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին թույլ չտվեցին մոտենալ կործանված արցախյան ուղղաթիռին, որտեղ կարող էին անձնակազմի՝ ողջ մնացած անդամներ լինել: Այս ամենի լույսի ներքո անգամ ադրբեջանական գործիչները խեղաթյուրում են փաստերը՝ միայն թե մեղադրեն հայկական կողմին»,- ամփոփեց Արկադի Գրիգորյանը:





























