ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի անցկացումը Հայաստանում խոսում է Հայաստանի տարածաշրջանային դերի բարձրացման մասին։ Օգոստոսի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը։ Նրա կարծիքով, սա լավ հնարավորություն է մեր երկրի համար՝ քննարկումների արդյունքում բարձրաձայնել տարածաշրջանային իրադարձությունների, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի ունեցած դիրքորոշումների մասին։
«Մեր ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, Հայաստանը պետք է լինի այս կամ այն ռազմական բլոկի մեջ։ Ռուսաստանի հետ համագործակցությունը ցույց է տալիս, որ դա արդարացված տեսակետ է։ Ադրբեջանի աճող ռազմաշունչ հայտարարությունների հաճախակիացման եւ այդ երկրի ռազմական ծախսերի ավելացման ֆոնին, մենք եւս պետք է մտածենք մեր ազգային անվտանգության մասին, իսկ ռուսական ռազմաբազային առկայությունը մեր անվտանգության ամենամեծ երաշխիքներից է»,- տեսակետ հայտնեց հանրապետական գործիչը։
Շարմազանովի համոզմամբ, եթե Ադրբեջանի մտքով անցնի վերսկսել պատերազմական գործողությունները, ապա նա չպետք է կասկածի, որ հայկական բանակը կարող է հասնել ընդհուպ մինչեւ Հայաստանի բնական սահմաններ՝ Քուռ եւ Արաքս։ «Սակայն գործնականում ես բացառում եմ պատերազմի վերսկսման հավանականությունը»,- համոզմունք հայտնեց ՀՀԿ պատգամավորը։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը Երեւանում կկայանա օգոստոսի 20-ից 22-ը։




























