Երեւանն ու Անկարան պայմանավորվածություն են ձեռք բերել. սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու նպատակով` համատեղ հանձնաժողովի ստեղծման, որն զբաղվելու է մի շարք ցավոտ հարցերի, այդ թվում նաեւ պատմական խնդիրների լուծմամբ: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գծով օգնական Ֆիլիպ Գորդոնը, որը, վերջերս Հարավային Կովկասի երկրներում շրջագայությունից հետո վերադարձել է Վաշինգտոն:
Իր խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը ինքնաբուխ է եւ անխուսափելի, քանի որ դա ձեռք է տալիս երկու կողմերին էլ:
Հիլարի Քլինթոնի օգնականը, առնչվելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, մասնավորապես նշել է, որ ԱՄՆ-ը բոլոր հնարավոր ճանապարհներով աջակցել է երկու կողմերի բանակցությունների առաջխաղացմանը: Պետքարտուղարը անձամբ ներկա է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մի շարք հանդիպումներին: ԱՄՆ-ը դեմ է Եվրոպայում ու Ռուսաստանին սահմանամերձ որոշ այլ պետություններում Ռուսաստանի ազդեցության ծավալմանը: «Իմ երկիրը պետությունների տարածքային ամբողջականության ու ազատության կողմնակիցն է», նշել է Ֆիլիպ Գորդոնը:



























