Իրանում, հունիսի 12-ին կայացած նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների վերահաշվարկ է տեղի ունեցել։ Իրանի Իսլամի պահապանների խորհուրդը հայտարարել է ընտրությունների արդյունքների հավաստիության մասին եւ հաստատել է Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը։

Press TV տեղական հեռուստատեսությամբ, սահմանադրության պահապանների խորհրդի, որն ի դեպ ունի 12 հոգեւորական անդամ, ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարել է վերահաշվարկի ավարտի մասին։ Իշխանությունները մտադիր էին վերահաշվարկից հետո վերջ դնել պահպանողականների ու բարեփոխականների հակամարտությանը, որի հետեւանքով զոհվեց առնվազն 20 մարդ։

Հիշեցնենք, որ Իսլամի պահապանների խորհուրդը հայտարարել էր, թե ընտրության ընթացքում եղած չնչին խախտումները չեն ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։

BBC ռադիոկայանը հաղորդել է, որ պաշտոնական տվյալներով, հունիսի 12-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ընտրողների 63 տոկոսի քվեներով վերընտրվել է նախագահի պաշտոնում։ Գործող նախագահի հակառակորդ Միր Հոսեյն-Մուսավին բազմաթիվ անգամ հայտարարել է՝ ընտրությունները չեղյալ համարելու անհրաժեշտության եւ կրկնակի ընտրություններ անցկացնելու մասին։