Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանի Հանրապետությանը նախագահ հարկավոր է, որ երկիրը ներկայացնի արտերկրում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե խորհրդարանական համակարգում ինչ լիազորություններ ունի երկրի նախագահը։

«Նախագահը պետք է, որ Հայաստանը ներկայացնի արտասահմանում։ Միջազգային տարբեր կառույցներում եւ տարբեր կազմակերպությունների հետ բանակցությունները վարելու է նախագահը»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե ինչ երաշխիքներ կան, որ հանրաքվեն չի կեղծվելու, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Ո՞վ է ասում, որ կեղծվելու է»։

Նշենք, որ արդեն հրապարակվել են Սահմանադրության նոր նածագծի 1-15-րդ գլուխները։ Նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգի։ Վենետիկի հանձնաժողովն արդեն հրապարակել է իր կարծիքը նախագծի 1-7-րդ եւ 10-րդ գլուխների վերաբերյալ։ Հանձնաժողովն առաջարկում է խորհրդարանական երկփուլ ընտրության դրույթը պետք է հանել Սահմանադրությունից։