Լոս Անջելեսի Վենիս Բիչ լողափում նախորդ շաբաթ  ծեծկռտուք է տեղի ունեցել մի խումբ հայերի եւ փրկարարի միջեւ, որի տեսանյութը հայտնվել է համացանցում, հաղորդում է NBC4 հեռուստաալիքի կայքը:

Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է փրկարարը փոքրիկ աշտարակի վրայից դույլով ջուրը լցնում իր հետ վիճաբանող կնոջ վրա: Տեսանյութը տրամադրել է Լաս Վեգասի բնակչուհին, որն այդ պահին եղել է լողափում եւ ականատես եղել ծեծկռտուքին: Ոստիկանության ներկայացուցչի փոխանցմամբ ամեն բան սկսվել է նրանից, երբ լողափում գտնվողներից մեկը այրվող ծխախոտ է նետել աշտարակի կողմը:

Մեգան Ռայան Շափերթն իր ընտանիքի հետ եղել է լողափում, երբ գողգոռոցի ձայն է լսել փրկարարական աշտարակի ներքեւից: Նրա տեսանյութում երեւում է, որ կոնֆլիկտի երեք մասնակիցներից մեկը մատնացույց է անում աշտարակի վրա գտնվող փրկարարին եւ ինչ-որ բան ասում, որից հետո փրկարարը դույլով ջուրը լցնում է կնոջ գլխին:

«Ես այդ պահին ծիծաղեցի: Այդ կինն իսկապես խենթ էր: Նրանք հեռացան, փրկարարն իջավ աշտարակից, այդ ժամանակ նրանք սկսեցին ծեծել փրկարարին: Կարծես փրկարարը մի լավ ծեծ կերավ»,-պատմել է Շափերթը:

NBC4-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Լոս Անջելես փրկարար ծառայությունից, սակայն պատասխան դեռ չի ստացել:

Ծեծկռտուքի ժամանակ փրկարարը բազմաթիվ հարվածներ է ստացել, այդ թվում ոտքով: Դեպքի վայր են ժամանել այլ փրկարարներ, որոնք պնդում են, որ իրենց ընկերը պաշտպանվում էր: Մինչդեռ տեսանյութում երեւում է, որ երկու կողմերն էլ թեժ կռվի մեջ էին եւ հարվածներ էին հասցնում միմյանց:

Ոստիկանության փոխանցմամբ, երկու տղամարդ եւ մեկ կին ձերբակալվել են, որոնք ըստ նախնական տեղեկությունների եղել են ոչ սթափ վիճակում:

Տեսանյութերում լսվում է, որ կինը մի քանի անգամ բղավում է, որ իր նկատմամբ սեռական ոտնձգության փորձ է եղել:

Փրկարարը թեթեւ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ապա դուրս գրվել: Նրա անունը չի հաղորդվում:

Դեպքի ականատեսներից մեկը նշել է. «Կյանքումս շատ բան եմ տեսել, բայց սա լրիվ այլ էր: Սովորաբար փրկարարները հանգիստ են եւ աշխատում են խաղաղություն պահպանել: Բայց ամռան ամիսներին զբոսաշրջիկները երբեմն շատ աղմկոտ են լինում»: