«Կարգավորող գիլյոտին » նախաձեռնությունը Հայաստանի բիզնեսին կօգնի  աշխատանքային գործընթացների մեջ 40 միլիոն դոլար խնայել։ Դրա մասին օգոստոսի 6-ին կայացած կառավարության նիստին հայտարարել է «Օրենսդրական կարգավորման ազգային կենտրոն » պետական կազմակերպության տնօրեն Արմեն Եղիազարյանը։

Ընդհանուր առմամբ, բիզնեսի վերաբերյալ  օրենսդրական ակտերի վերանայման արդյունքում հնարավոր է եղել կրճատել գործարարների ժամանակային ծախսերը՝ տարեկան  4648-ից հասցնելով  1972 –ի։ Դրանց արժեքը կկրճատվի՝ 40 միլիարդ 185 միլիոն դրամից հասնելով 19 միլիարդ 615 միլիոն դրամի։ «Ընդհանուր առմամբ, եթե մենք վերանայենք բոլոր անհրաժեշտ իրավական ակտերը եւ ընդունենք բիզնեսին անհրաժեշտ բոլոր որոշումները, գործարարների ծախսերը կկրճատվեն մոտավորապես 40 միլիոն դոլարով»,-նշել է Եղիազարյանը։

Հիշեցնենք, որ այդ կենտրոնը բիզնեսի համար իրավական դաշտի պարզեցումն իրականացնում է «Կարգավորող գիլյոտին» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2011 թվին եւ իրականացվում է արտասահմանյան դոնորների աջակցությամբ (այդ թվում՝ Ավստրալիայի կառավարության) եւ Հայաստանի կառավարության համաֆինանսավորմամբ։