Ռուսաստանում 6 երեխաների, իր կնոջ եւ մոր սպանության մեջ կասկածվող տղամարդը 10 օր շարունակ տանն ապրել է երեխաների եւ կնոջ դիակների հետ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Օլեգ Բելովը օգոստոսի 3-ին մեկնել էր իր մոր ամառանոց եւ նույն օրը սպանել նրան։ Այս մասին հայտնում է LifeNews-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։
«Կնոջ մարմնի վրա դանակի 15 հարված էր հայտնաբերվել։ Նրա հագին եղել են տնային հողաթափեր, ներքնազգեստ եւ խալաթ։ Հիմքեր կան ենթադրելու, որ նա ինքն էր եկել իր մահվան վայրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
6 երեխաների դաժան սպանության մասին հայտնի էր դարձել օգոստոսի 4-ին։ Երեխաները հուլիսի 25-ից չէին հաճախում մանկապարտեզ, եւ աշխատակիցները ոստիկանություն էին զանգահարել։ Ընտանիքի բնակության վայրում ոստիկանները հայտնաբերել էին պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երեխաների մարմինները։ Մասնատված մարմինների կույտի մեջ հայտնաբերվել է նաեւ Օլեգ Բելովի կնոջ դին։ Սպանությունը կատարվել էր հուլիսի 25-ի առավոտյան։
Տղամարդը հաշվառված էր հոգենյարդաբանական դիսպանսերում եւ տառապում է շիզոֆրենիայով։




























