Տեւական չոր եղանակով եւ բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ հանրապետության հովտային գոտում ստեղծված բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդեդրեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Ըստ նրա՝ հուլիսին մեր երկրի տարածքում արձանագրվել է երկու ջերմային ալիք: Առաջինը տեւել է հուլիսի 1-10-ը, իսկ երկրորդը սկսվել է հուլիսի 25-ից եւ շարունակվում է մինչեւ այսօր: Առաջին ջերմային ալիքի դեպքում առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են հուլիսի 10-ին, Արարատյան դաշտում հասնելով +39…+40 աստիճանի, Երեւանում՝ +40,5-ի: Երկրորդ ջերմային ալիքի ժամանակ առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է Սյունիքի հովիտներում, Մեղրիում (+41.6), իսկ Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում հուլիսի 25-ից մինչ օրս ջերմաստիճանը տատանվում է +38…+40 աստիճանի սահմաններում:
«Սակայն պետք է նշեմ, որ չնայած տեւական բարձր ջերմային ֆոնին՝ հանրապետության տարածքում ռեկորդային ջերմաստիճաններ չեն գրանցվել»,-նշել է Գագիկ Սուրենյանը:
Օգոստոսի 7-8-ին օդային հոսանքները կփոխեն իրենց ուղղությունը եւ կդառնան հյուսիս-արեւմտյան, ինչի արդյունքում հանրապետություն կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ: Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ մասնավորապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում նվազումը ավելի զգալի կլինի՝ մոտ 7-8 աստիճան: Հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին նույնիսկ կդիտվեն կարճատեւ անձրեւներ:
Օգոստոսի 10-ից տեղումները կդադարեն եւ օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա 2-3 աստիճանով:





























