Զբոսաշրջային ավտոբուսները որակավորելու Կառավարության որոշումը, ըստ որի զբոսաշրջային ավտոբուսը պարտադիր պետք է ունենա քիմիական մաքրմամբ զուգարան, լվացարան ու ծածկոց, առաջացրել տուրիստական ընկերությունների տնօրենների դժգոհությունը: Տուրիստական ընկերությունների տնօրեններ Հարություն Կարագյանի եւ Վահե Լորենցի խոսքով՝ ներկայումս զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսների 90 տոկոսը չի համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին:

«Այսօր տուրընկերությունները հիմնականում վարձակալում են իրենց զբոսաշրջիկներին փոխադրելու տրանսպորտային միջոցները, եւ փոխադրամիջոցի համար այսպիսի պահանջներ դնելով եւ զբոսաշրջային ընկերության գործն է դժվարացնելու եւ նրան ծառայություն մատուցող մեքենայի սեփականատիրոջ»,-ասացին նրանք:

Տուրիստական ընկերության ղեկավարների կարծիքով՝ կառավարությունը պետք է վերանայի սահմանած չափանիշները, քանի որ եթե իրենց ավտոբուսները, մեքենաները պահանջներին չհամապատասխանեն, տուրիստները կմնան օդանավակայանում:

 «Բացի այն, որ Հայաստանում կառավարության սահմանած չափանիշներին համապատասխանող մեքենաներ այդ քանակով չկան, այդպիսի մեքենաներ բերելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ, քանի որ այդ պայմաններով մեկ ավտոմեքենան արժե 50,60,70 հազար դոլար:   Ոչ բոլոր ընկերությունները կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ»,-ասաց Հարություն Կարագյանը:

Վահե Լորենցի էլ հավելեց, որ այլ հարց է, որ ինչ-որ մեկը այդպիսի չափանիշներով մեքենաներ է ներկրել ու ուզում է դրանք իրացնել, բայց այսօրվա եղած մեքենաներով անհնար է որակավորման կարգ ստանալ. «Իսկ որակավորված մեքենաներով սպասարկելը բերելու է նաեւ տուրիզմի ոլորտում ծառայությունների գների բարձրացման, ինչն առանց այդ էլ բարձր է Հայաստանում»:

Նշենք, որ «Զբոսաշրջային ավտոբուս» որակավորումը կիրականացնի էկոնոմիկայի նախարարությունը: Կառավարությունը պատճառաբանում է, որ այս ավտոբուսների որակավորմամբ, մտադիր է աջակցել զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունների մրցունակության բարձրացմանը, որակի ապահովմանը եւ նրան, որ զբոսաշրջիկներն ընտրության ավելի լայն հնարավորություն կունենան:

Կառավարության որոշման համաձայն՝ զբոսաշրջիկներին սպասարկող ավտոբուսը պարտադիր պետք է ունենա բավարար արտաքին տեսք, լվացարան, քիմիական մաքրմամբ զուգարանակոնք եւ հիգիենիկ պարագաներ, նստատեղերի հենակների վերին մասում մեկանգամյա օգտագործման հիգիենիկ ծածկոցներ, ոտքերի համար նախատեսված հենակներ, մեկ անձի համար նախատեսված նստատեղի նվազագույն լայնությունը պետք է լինի 43 սմ, իսկ երկու շարքերի նստարանների միջեւ հեռավորությունը` 55 սմ, բոլոր նստատեղերը պետք է ունենան ծալովի հենակներ եւ այլն: