Հայաստանի կառավարության անդամները խախտում են այն պայմանավորվածությունը, համաձայն որի, մամուլին չպիտի պատմեն արտասահմանում դեսպանների հետ իրենց հանդիպումների մասին։ Այդ մասին օգոստոսի 6-ի կառավարության նիստին հայտարարել է Հովիկ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ առանց Արտգործնախարարության հետ համաձայնեցնելու, պետք չէ հանրության սեփականությունը դարձնել այդ հանդիպումները, եւ դա շատ նորմալ է։
«Ճիշտ այդպես էլ չի կարելի, օրինակ, հանդիպել զորամասերի պետերի հետ, առանց Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցնելու։ Ստիպված եմ հայտնել այն նախարարների անունները, ովքեր խախտել են պայմանավորվածությունը․ Արմեն Մուրադյան՝ առողջապահության նախարար, եւ Երիտասարդության ու սպորտի նախարար Գաբրիել Ղազարյան։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ պայմանավորվածությանը»,- ասել է վարչապետը։





























