«Օֆշորի» հայտնի գործով տուժող Փայլակ Հայրապետյանի խնամի` Գագիկ Ղարիբյանը, պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել, որով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանից պահանջելու է իրեն հասցված վնասների փոխհատուցում:  Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց Գագիկ Ղարիբյանը` հավելելով, որ Աշոտ Սուքիասյանը չի վճարել «Ամերիաբանկում» գրավադրված իր անշարժ գույքի վարկը եւ բանկի աշխատակիցները պարտքի դիմաց տիրացել են իր` 5 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքին:

«Բանկի աշխատակիցները եկել ու հանել էին մարդկանց 9 հարկանի շենքից, ես այդ շենքում օֆիսային տարածքներ էի վարձով տալիս: Խնամիս` Փայլակ Հայրապետյանը, մի օր եկավ ու ասաց, որ Հայաստանում բիզնեսծրագիր է իրականացվում, որի շնորհիվ Հայաստանում բազմաթիվ աշխատատեղեր են ստեղծվելու, Հայաստանում մեծ ներդրումներ են լինելու, ես էլ վստահելով Հայրապետյանին, ամեն ինչ թողեցի նրա վերահսկողության տակ եւ համաձայնեցի իմ գույքը ներդնել այդ ծրագրում»,-ասաց նա` հավելելով, որ որոշ ժամանակ անց Փայլակ Հայրապետյանը իրեն տեղեկացրել է, որ ոչ  մի բիզնեսծրագիր էլ չի իրականացվել, Աշոտ Սուքիասյանը խաբել է իրենց` չի վճարել բանկում գրավադրված գույքի փողը եւ այդ պատճառով էլ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն տիրացել է իրենց գույքին:

Գագիկ Ղարիբյանը նշեց, որ ինքը անձամբ է լիազորել Աշոտ Սուքիասյանին իր գույքը տնօրինել, այնուհետեւ հետագա գործողություններին չի մասնակցել, ամեն ինչ վստահել է Փայլակ Հայրապետյանին եւ մինչեւ հիմա էլ վստահում է նրան:

Հիշեցնենք, որ հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված, գործով միակ մեղադրյալ, գործարար Աշոտ Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ տնօրինել են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերը:

Աշոտ Սուքիասյանը 2010թ. հունիսի 25-ից մինչեւ 2011թ. հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում «Ամերիաբանկ» ՓԲ ընկերությունից մաս-մաս ստացել է 10 միլիոն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, որի դիմաց նա բանկում գրավադրել է գործարար Փայլակ Հայրապետյանին եւ նրա որդուն պատկանող ընկերությունները:

Ստանալով գումարը՝ Աշոտ Սուքիասյանը չի կատարել վարկային պայմանագրերով ու բիզնես-ծրագրով նախատեսված պարտավորությունները, եւ գումարը վերցնելով հեռացել էր երկրից, իսկ «Ամերիաբանկն» անարգել շարունակել է գումարները փոխանցել Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների բանկային հաշվեհամարներին:

2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում: Հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո, Աշոտ Սուքիասյանը կալանավորվել էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց: