2-ամյա Յուրիի մոտ մանկական ուղեղային կաթվածն ախտորոշվել է 1.5 տարի առաջ: Դեռ այդ ժամանակ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում  ծնողներին խորհուրդ են տվել 8 ամսական երեխային հանձնել մանկատուն:

«Երեխաս ծնվել է Բանգլադեշում, ծնվելուց հետո սկսվեցին խնդիրները: Տանում էինք բժշկի, ասում էին՝ բան չկա, հետո արդեն՝ 8 ամսականում պարզեցինք, որ մանկական ուղեղային կաթված եւ Վեստի Համախտանիշ (ցնցումներ) ունի: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ասացին՝ սա երեխա չի դառնա, տվեք մանկատուն»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց փոքրիկի մայրը՝ Գայանե Մինասյանը:

Հիվանդության ախտորոշումից հետո հայաստանցի բժիշկները հայտարարել են, թե այն առաջացել է թթվածնի պակասից, մինչդեռ ռուսաստանցի մասնագետներն այլ կարծիք ունեն:

«Ռուսաստան ենք տարել երեխային, որտեղ ասել են, թե ծննդաբերության ժամանակ Յուրիիս պարանոցը բժիշկները վնասել են, որն էլ հետեւանք է թողել եւ երեխաս մանկական ուղեղային կաթված է ստացել»,- ասաց Գայանե Մինասյանը:

Մոր խոսքով՝ Հայաստանի տարբեր կլինիկաներում 2 տարեկան տղան բուժում է ստացել, բայց՝ անօգուտ: Այսօր փոքրիկին անհրաժեշտ է բուժում արտերկրում, իսկ գումար ընտանիքը չունի:

«Մեր գումարներն ամբողջությամբ սպառել ենք: Իսրայելցի մասնագետներն ասում են՝ երեխայիս բուժումը հնարավոր է, սակայն միայն հետազոտության համար մեզ 6 հազար դոլար է անհրաժեշտ, իսկ բուժման համար՝ շուրջ 15 հազար»,- ավելացրեց նա:

Նշենք, որ փոքրիկին օգնելու համար ARDSHINBANK-ում բացվել է հաշվեհամար Գագիկ Թադեւոսյանի անունով՝ 2470016936280010:

Յուրիի մայրիկի հետ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով. 043 88 89 03, 093 88 89 02: