Այսօր լրանում է ադրբեջանական գերության մեջ սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մեկ տարին։ Տավուշի մարզի Չինարի գյուղի խաղաղ բնակիչը գերեվարվել էր 2014թ. օգոստոսի 7-ին։ Օգոստոսի 8-ին ադրբեջանական կողմը հայտարարություն էր տարածել գերու մահվան մասին, ով իբր թե մահացել էր «սրտային անբավարարությունից»։
Զոհվածի մարմինը հայրենիքին էին հանձնել միայն 2 ամիս անց՝ օգոստոսի 10-ին՝ տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից Ադրբեջանին նման անթույլատրելի վարքի մասին հիշեցնելուց հետո։
Կարեն Պետրոսյանի մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել, որը գտնվում է ԱԱԾ վարույթում։ Հետաքննության շրջանակներում փորձաքննություններ են անցկացվել։ Քննությունը շարունակվում է, սակայն տեղեկություններ դեռեւս չեն հրապարակվել։ Ավելի վաղ Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովը պաշտոնական հայտարարություն էր արել ադրբեջանական գերությունում մահացած ՀՀ քաղաքացու մահվան կապակցությամբ։ «Կ. Պետրոսյանի հարազատների պնդմամբ, ինչպես նաեւ նրա բժշկական քարտի տեղեկություններով՝ երիտասարդը առողջական խնդիրներ, առավել եւ սրտանոթային համակարգի հիվանդություններ չի ունեցել։ Նա փաստացի առողջ է եղել»։
Ադրբեջանական կողմը, չբավարարվելով գերի ընկած ՀՀ քաղաքացու նկատմամբ անմարդկային վերաբերմունքով, Կ. Պետրոսյանին նվաստացումների էր ենթարկել՝ խոշտանգումներով նրան հասցնելով մահվան դուռը, ինչը հաստատում են ադրբեջանական մամուլում հայտնված տեսանյութերն ու լուսանկարները։
Անհայտ պայմաններում վրա հասած Պետրոսյանի հանկարծակի մահվան փաստը նրա նկատմամբ դաժան եւ անմարդկային վերաբերմունքի մասին հիմնավոր կասկածների տեղիք է տալիս, ինչը «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ամրագրված իրավունքների եւ ազատությունների կոպիտ խախտում է»,- ասված է փաստաթղթում։
Ադրբեջանական գերությունում Կարեն Պետրոսյանի մահը դաժանության եւ մարդկանց նկատմամբ ակնհայտ ծաղրի միակ դեպքը չէ։ Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Մանվել Սարիբեկյանը 2010թ. սեպտեմբերի 11-ին ընկերների հետ անտառ էր գնացել կորած անասուններին գտնելու եւ փայտ բերելու համար։ Դրանից հետո նա անհետ կորել էր։ Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական մամուլում «հայ հետախույզ» գերեվարելու մասին հրապարակումներ հայտնվեցին։ 2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի ՊՆ-ն եւ ռազմական դատախազությունը հայտարարություն տարածեցին այն մասին, որ գերի Սարիբեկյանն ինքնասպան է եղել։ Ադրբեջանի ՊՆ տեղեկություններով՝ Սարիբեկյանը սավաններից օղակ էր պատրաստել եւ բանտում կախվել։ 4 ամիս անց Սարիբեկյանի մարմինը հանձնել էին հայկական կողմին։ Դատաբժշկական փորձաքննությունը նրա մարմնի վրա մարմնական վնասվածքներ էր հայտնաբերել, ինչպես նաեւ խոշտանգումների հետքեր, որոնք չէին կարող ինքնասպանության հետեւանք լինել, եւ որոնք հասցվել էին մահվանից 2-3 օր առաջ։
2014թ. հունվարի 28-ին ադրբեջանական կողմում էր հայտնվել Վերին Կարմիրաղբյուր սահմանամերձ գյուղի տարեց բնակիչ Մամիկոն Խոջոյանը, որը գերության մեջ էր մնացել մինչեւ մարտի 4-ը։ Տարեց տղամարդը հոգեկան շեղումներ ուներ։ Իր հանդեպ դաժան վերաբերմունքի եւ կրած ցնցումների պատճառով գերին հայրենիք վերադառնալուց հետո մահացել էր։
Քաղաքացիական անձ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Հապճեպ սարքած գործի շրջանակներում նրան մեղադրեցին դիվերսիայի մեջ եւ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման։




























