Աբխազիայում ռուսական զորքը սկսել է մաքրել երկաթգիծը։ Դրա մասին հայտնում է «Գրուզիա օնլայն» պարբերականը՝ վկայակոչելով Աբխազիայի իշխանությունների ներկայացուցչին։
Այդ աղբյուրի խոսքով, ճանապարհը նախապատրաստում են Աբխազիայի տարածքով տրանզիտ գնացքի վերագործարկման համար։ Ներկայումս մաքրվում է Օչամչիրայից մինչեւ Ինգուրի գետն ընկած հատվածը։ Սուխումի-Օչամչիրա հատվածը ռուսական զորքի կողմից վերանորոգվել էր 2008 թվականի դեպքերից առաջ։ Տրանսպորտային վարչության պետ Զաուր Հաջիմբան տեղեկացրել է, որ Աբխազիայում այդ զորքն անսպասելիորեն է հայտնվել․ «մեր կողմից դրա վերաբերյալ ոչ մի համաձայնություն չի եղել»։ Զաուր Հաջիմբան այնուամենայնիվ նշում է, որ աբխազական կողմը համաձայնություն է տվել նախապատրաստական աշխատանքների իրականացմանը։ «Դրանից մեզ վնաս չի լինի, միայն՝ օգուտ», - նշել է Զաուր Հաջիմբան։
Ըստ ոչ պաշտոնական տվյալների, երկաթգծի շերտի մաքրմամբ զբաղվում է ռուսական երկաթուղային զորքի 800 զինծառայող։
Հիշեցնենք, որ Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը նախկինում ոչ մեկ անգամ է բարձրացվել։ Ինչպես հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, ռուսական կողմը պնդում է, որ երկաթգիծը նրանց պետք չէ եւ կոչ է անում դրա վերաբերյալ բանակցություններ վարել աբխազական կողմի հետ։ Բայց ռուս զինվորականների կողմից երկաթգծի հատվածի մաքրումը հակառակի մասին է խոսում։





























