Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում մասնակցել է Շինարարի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Վարչապետը ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել ստեղծագործական անսպառ եռանդ եւ աշխատանքային հաջողություններ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ շինարարության ոլորտը Հայաստանում առանձնահատուկ ընկալում ունի եւ պատահական չէ, որ Հայաստանի անկախ Հանրապետությունը վերահաստատելով Շինարարի օրը, այն դարձրել է ավանդական՝ փաստելով, որ շինարարությունը եղել եւ մնում է մեր երկրի տնտեսության կարեւոր եւ առանցքային բնագավառներից մեկը:
«Անցյալ դարի փայլուն վարպետների փորձն ու հմտությունները համադրելով ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներին՝ դուք այսօր կառուցում եք ավելի բարձրորակ եւ սեյսմակայուն շենքեր: Ցանկանում եմ ուրախությամբ ընդգծել, որ հայկական ժամանակակից շինարարությունը շարունակելով ոլորտի հարուստ ավանդույթները՝ այսօր էլ ստեղծում է շինություններ, որոնցով հիրավի հպարտանում ենք: Նորանկախ Հայաստանում ձեր շնորհիվ զարգացել են նաեւ շինարարական տեխնոլոգիաները, ինչը մեր շենքերի ամրության գրավականն է»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ հայ շինարարը կառուցել է նաեւ երկրի համար դժվարին ժամանակներում եւ համոզմունք հայտնել, որ այսուհետ եւս շինարարները կշարունակեն աշխատել նույն սիրով եւ եռանդով, քանի որ հայ շինարարը ոչ միայն քարը քարի վրա դնողն է, այլեւ ազգային արժեքների եւ ավանդույթների փոխանցողը: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունն այսօր նոր նախագծերով եւ ծրագրերով նպատակաուղղված ջանքեր է գործադրում երկրում շինարարության ոլորտը զարգացնելու, շինարարական կազմակերպություններին եւ կառուցապատող ընկերություններին աջակցելու նպատակով՝ նախատեսելով հիփոթեկային վարկերի միջոցով խրախուսման մեխանիզմներ: «Արդեն իսկ ձեզ են սպասում ներդրումային քաղաքաշինական ծրագրերը մայրաքաղաքում՝ «Հին Երեւանը», «Ֆիրդուսի» թաղամասը, ինչպես նաեւ բազմաթիվ ուշագրավ նախագծեր հանրապետության մարզերում՝ ենթակառուցվածքների, դպրոցաշինության, առողջապահության, մշակույթի, սպորտի եւ այլ ոլորտներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Շինարարի օրվա կապակցությամբ եւ քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգեւատրվել Հայաստանի շինարարների միության պատվավոր անդամ Վովա Մարգարյանը եւ «Երեւանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը: ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել «Գոհարիկ» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Խաչատրյանը, «Մետրոշինվերանորոգում» ԲԲԸ վարչության նախագահ Արամայիս Որսկանյանը, նախագծի գլխավոր կոնստրուկտոր Պոլ Չաթալբաշյանը:
.jpg)




























