Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայում կործանված օդանավը, որի ուղեւորները եղել են «Ալ Կաիդայի» ոչնչացված առաջնորդ Բեն Լադենի 3 հարազատները, աղետի է ենթարկվել այն պատճառով, որ թռիչքուղում արգելակելու համար տեղը չի բավականացրել: Այս մասին հայտնել են քննությունը վարող քննիչները:

Վայրէջքի գոտուն մոտենալիս օդանավը ստիպված է եղել շրջանցել փոքրիկ թռչող ապարատը, որից հետո սկսել է կտրուկ իջնել (րոպեում 900 մետր), հաղորդում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ավիացիոն միջադեպերի քննությամբ զբաղվող ստորաբաժանման ներկայացուցիչներին:

Իջնելիս օդանավի ավտոմատիկան 6 անգամ նախազգուշացրել է օդաչուին, որ երկիրը վտանգավորության չափ մոտ է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վայրէջքի պահին օդանավի արագությունը բարձր է եղել նորմայից, պնդում են քննիչները: Անիվների հետքերը վկայում են, որ երկրին դիպչելու պահին թռիչքուղու վերջանալուն ընդամենը 440 մետր տարածք է մնացած եղել, մինչդեռ նորմալ վայրէջքի համար անհրաժեշտ է 600 մետրից ավելի: