Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպան Հորբախին պաշտոնավարման ընթացքում հայ-նիդերլանդական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրված ջանքերի եւ կատարած աշխատանքի համար: Վարչապետը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է առավել ակտիվացնել քաղաքական, առեւտրատնտեսական հարաբերությունները եւ համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:
Դեսպան Հորբախը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար եւ նշել, որ իր համար մեծ պատիվ էր Հայաստանում պաշտոնավարելը: Ընդգծելով, որ Նիդերլանդների Թագավորությունը կարեւորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը, Հանս Հորբախը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջեւ կապերը կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ակտիվացման, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման շուրջ:





























