Բանգլադեշցի աթեիստ բլոգերին սպանողներն ինչ գնով էլ լինի, կպատժվեն, հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարար Ասադուզաման Խանը։

 Նախարարի խոսքով, հատուկ ծառայություններն արդեն զբաղվում են բլոգերին սպանողների որոնմամբ։ Ենթադրվում է, որ այդ հանցագործությունը կատարել են արմատական իսլամիստները։

Նիլոյ Նիլա անունով բլոգերի վրա հարձակումը տեղի էր ունեցել իր տանը՝ մայրաքաղաքի հարավում։ 

Դա  Բանգլադեշում այս տարվա ընթացքում բլոգերի վրա հարձակման չորրորդ դեպքն է։ Բոլոր հարձակումների մեջ կասկածում են իսլամիստներին։ 

Հարձակվողները երկար ժամանակ հետեւել էին նրա գործունեությանը Ֆրանս պրես գործակալությանը հայտնել է Բանգլադեշի իրավապաշտպան կազմակերպության մամլո քարտուղար Իմրան Սարկարը, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը։ «Նա հանդես էր գալիս արմատականության եւ ծայրահեղականության դեմ, ինչպես նաեւ փոքրամասնությունների, մասնավորապես՝ կանանց եւ տեղաբնիկ ազգաբնակչության կարծիքների արտահայտիչն էր», - ասել է Սարկարը։ 

Մայիսին Բանգլադեշում սպանվել էր աթեիստ բլոգեր Անանտա Դաս Վիջայ, որը հանդես էր գալիս որպես կրոնական ծայրահեղականության քննադատ եւ աշխարհիկ պետության կողմնակից։ Այս տարվա ընթացքում ավելի վաղ եւս երկու բլոգեր է սպանվել։ 

Սպանության կասկածով ձերբակալել են երկու հոգու, բայց մեղադրանք չի առաջադրվել։

Բանգլադեշը պաշտոնապես աշխարհիկ պետություն է, բայց քննադատները պնդում են, որ կառավարությունն անտարբերությամբ է վերաբերվում իսլամիստների կողմից բլոգերների վրա հարձակումներին։