Հնարավո՞ր է արդյոք պահպանել մարդկային որակները անմարդկային պայմաններում։ Արդյոք պատերազմի բոլոր մասնակիցները հերոսնե՞ր են։ Վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանի հուշերը Գետաշենի համար մղված պայքարի մասին տալիս են այս և նմանատիպ հարցերի պատասխանը։
Ամենածանր փորձությունը բժշկի համար ադրբեջանական գերությունն էր եւ Գյանջայի բանտում շարունակական նվաստացումները։ Սակայն նա չկոտրվեց։ Դիմացավ։ Ավելին՝ կարողացավ պահպանել հոգին, որն ունակ է սիրել եւ կարեկցել: Քանի որ սեփական հողը պաշտպանող մարդուն Աստված այլ կերպ է արարել։

Չարը չէ, որ վերջակետելու է այս պատմությունը…
Այս պատմությունը հին է և սիրտ խառնելու չափ թվում է անվերջանալի:Այս է մեր վերջին հազարամյա ուղու արձանագրումները. բռնագաղթ ու ավեր, հազարավոր շեների կորուստ, հայաթափումն Արևմտյան Հայաստանի և Հայոց ծաղկուն Կիլիկիո...
Միլիոնավոր անմեղ զոհեր, անպատվություն, անարգանք, նվաստացում... դարեր... սերունդներ... Արցախյան ազատամարտը, սակայն, կասեցումն ու շրջադարձն է այս ամենի, և մենք այևս գիտենք` Չարը չէ, որ վերջակետելու է այս պատմությունը։
Ինչևէ, Ռուբիկոնն անցել էի…
1990թ. նոյեմբերի վերջին, երբ հերթապահում էի հիվանդանոցում, հեռուստատեսությամբ լսեցի, որ Գետաշենում աշխատելու համար բժիշկներ են հարկավոր։ Առավոտյան հանձնելով հերթափոխությունը՝ դիմեցի առողջապահության նախարարություն և խնդրեցի ինձ ուղարկել։ Երկու ամսով գործուղում ձևակերպեցին: Ճիշտն ասած, տուն վերադարձա փոքր-ինչ մտախոհ։ Գիտակցելով վիրաբույժի անհրաժեշտությունը Գետաշենում` հաշվի չէի առել իմ բացակայության հետևանքները։ Կրտսեր դուստրս ընդամենը 3 ամսական էր, չասենք, որ մյուս 4 երեխաներս նույնպես կարիք ունեին հոր ամենօրյա ներկայությանը. կնոջս հոգսերն առանց այն էլ թեթև չէին: Ինչևէ, Ռուբիկոնն անցել էի։
Նրան նույնպես վիրահատեցի…
Նոիեմբերի 30-ին ադրբեջանական ՕՄՈՆ–ը հարձակվեց Մարտունաշենի վրա, խայտառակ պարտություն կրեց ու թողնելով սպանվածներ ու վիրավորներ՝ նահանջեց։ Մեզանից սպանվել էր մեկը, և երկուսը վիրավոր էին, որոնց վիրահատելու ժամանակ մեր տղաները հիվանդանոց բերեցին ադրբեջանցի մի վիրավոր միլիցիոների, որին գերի էին վերցրել։ Նրան նույնպես վիրահատեցի, հետո վերադարձրել էին ադրբեջանցիներին։
Գետաշենում մարդիկ մահանում են`բժշկական օգնության կարոտ…
Իմ վերադարձը Երևան գրեթե համընկավ Վրաստանի երկրաշարժի հետ։ Մեր «Սպիտակ» փրկարար ջոկատն անմիջապես մեկնեց աղետի գոտի։ Վրաստանում գտնվելու ժամանակ Գետաշենում գլխիվայր իրադարձություններ էին կատարվել, բայց ոչնչից տեղյակ չէի։ Ահասարսուռ բաներ լսեցի՛ այնտեղ մարդիկ մահանում են`բժշկական օգնության կարոտ, գյուղը հրակոծվում է բոլոր կողմերից, ուղղաթիռների չվերթները Հայաստանից չեն կատարվում, կան բազմաթիվ զոհեր...
Գիշերը զանգահարեցի Ռաֆիկին։ Երևանցի տղա է, անբիծ սրտով ու արցախյան շարժման նվիրյալներից մեկը, խնդրեցի աջակցել Գետաշեն մեկնելու համար, քանի որ նա օդանավակայանում էր աշխատում։ Նրա ձայնը խեղդված էր.
-Թաթուլը չկա, Արթուրը չկա...
Հիմա էլ սարսռում եմ, երբ հիշում եմ նրա ձայնը։
Թաթուլը չկա...Գետաշենի հերոսն ու ապավենը չկա: Չի ասում «Սպանվել է», ասում է`«Չկա»:
Վաղ առավոտյան օդանավակայանում եմ. մեկնում եմ Գետաշեն։ Ռաֆիկը ինձ անցկացնում է թռիչքահրապարակ, ուր երկու ռազմական ուղղաթիռներ են կանգնած։ Մի պահ ընտրեցի ու սպրդեցի ուղղաթիռ, առաջացա խորքը, որտեղ բարդված էին ալյուրով պարկեր ու զոհված հերոսների համար դագաղներ: Մտքումս Ռաֆիկի խեղդված ձայնն էր. «Թաթուլը չկա, Արթուրը չկա... »:
Այդ ինչ գեհեն է Գետաշենում, Տեր Աստված:
Չկարողացա այդ անկողնում պառկել ճանապարհի շորերով…
Երբ վերջապես զննեցի լուսանցույցից բացվող տեսարանը, հասկացա, որ Գետաշենը չէր այն։ Վայրէջքը Շահումյանում էր: Ֆիդայիները երկար չեմուչում էին անում, բայց համոզվելով, որ տեղի չեմ տա՝ ձի ճարեցին ինձ համար, և մենք մթնշաղին ճանապարհ ընկանք։ Լուսադեմին հասանք Մարտունաշենի անտառը։ Որոշեցինք մտնել գյուղ։
Հասանք Էդիկենց տուն և ներս մտանք։ Տղաները պառկեցին պատշգամբում, ես անցա սենյակ, մոտեցա մահճակալին՝ մտածելով պառկել, մի քիչ հանգստանալ: Մի կողմ ձգեցի ծածկոցը ու հառաչեցի`անկողինն այնքան ձյունաթույր էր ու թարմ, ասես պատրաստաված էր նորապսակների համար։ Չկարողացա, չուզեցի այդ անկողնում պառկել ճանապարհի շորերով։ Ծածկոցը վրա բերեցի ու պառկեցի ուղղակի հատակին`մի փոքրիկ գորգի վրա։
Ի ՞նչ իմանայի, որ հաջորդ օրը թալանի բաժին է դառնալու Էդիկի օջախը, այդ անբիծ անկողինները...
Ես ու Վալերին որոշեցինք ամենավերջում թողնել Գետաշենը…
Եվս երկու օր, և Գետաշենը պետք է դատարկվեր, ֆիդայիները որոշեցին Շահումյան տեղափոխել զենքն ու մնացած զինամթերքը: Մի քանի անգամ մեզ մոտեցան տղաները`հորդորելով մեկնել իրենց հետ:
Բժիշկ Վալերի Խաչատրյանի առողջական վիճակը վատ էր, նրա սիրտը հիվանդ էր, նա չէր կարող այդքան ճանապարհ կտրել: Ես բարոյական ոչ մի իրավունք չունեի լքել ընկերոջս ու փրկվել`անհայտության մեջ թողնելով նրան։
Բացի այդ, գյուղում դեռևս մնում էին բնակիչներ, հիվանդներ, որոնց որպես բժիշկներ՝ դեռ հարկավոր էինք։ Ուստի, ես կտրականապես հրաժարվեցի գյուղից հեռանալու առաջարկից: Եկել էի ոչ թե հեռանալու, այլ մինչև վերջ մնալու համար։ Երկար համոզեցին, բայց ես ու Վալերին որոշեցինք ամենավերջում թողնել Գետաշենը։
Հետո ասացին, որ մեզ տանում են Գյանջայի բանտը…
Հայերի նկատմամբ անասելի լպիրշ էին պահում իրենց թե՛խորհրդային բանակի զինվորականները, թե՛ ադրբեջանցիները։
Վերջապես հասավ մեր հերթը։ Վալերին ու ես մոտեցանք խորհրդային զինվորին, մեկնեցի փաստաթղթերս։ Ստուգումից հետո պետք է բարձրանայինք ուղղաթիռ։ Բայց կատարվեց անսպասելին. զինվորը, կարդալով գործուղման վկայականը, մի վայրի քրքիջ արձակեց ու կանչեց մի ադրբեջանցի հաղթանդամ գնդապետի։
-Սրանք Երևանից են գործուղված, իբր բժիշկներ են։
Գնդապետի դեմքը երանությունից փայլեց` վերջապես գտան անձնագրային ռեժիմը խախտողներին, այն էլ Երևանից, ասել է թե՝ խաղաղության խանգարիչներին։
Ու հետևեց կտրուկ հրամանը.
Մեքենան նստեցրեք սրանց։
Թե ուր կտանեն մեզ, չգիտեինք։ Հետո ասացին, որ մեզ տանում են Գյանջայի բանտը: Այն ամենը, ինչ նկարագրվելու է հետո, անկարելի է ըմբռնել ու բացատրել բանականությամբ: Ակամայից ստանձնելու եմ Վերգիլիոսի դերը և ուղեկցելու ձեզ դեպի դժոխք:
Ես մի քայլ առաջ գնացի…
Վալերիկին ծեծեցին այնքան, մինչև նա լռեց, երևի կորցրեց գիտակցությունը: Հետո մեր խցում հայտնվեցին երեք գազազած շներ ու մարդկային ձայնով հարցրեցին.
-Ո՞վ է մյուս բժիշկը:
Ես ու բժիշկ Սարգիսը կանգնած էինք կողք կողքի։ Ծանր պահ էր.Վալերիկի աղեկտուր ձայնը դեռ ականջներիս մեջ էր։ Պատկերացրեցի տարիքով ինձանից մեծ ու այդքան հարգված Սարգիսին այդ վիճակում։ Ոչ, անկարելի էր։ Ես մի քայլ առաջ գնացի։ Ինձ դուրս բերեցին միջանցք, մի խումբ անմիջապես շրջապատեց, ու հարվածները սկսեցին կարկտի նման թափվել վրաս:
Ղարաբաղը մերն է…
Չգիտես ինչու, մինչ այդ կարծում էի, թե բժիշկը բժիշկ է մնում, նրան չեն տանջի, բայց արի տես, որ այս վայրենիների մոտ չկա քաղաքակիրթ ոչ մի հասկացություն։ Բժիշկ լինելը համարվում էր ավելի մեծ հանցանք։ Եթե Երևանից ժամանել եմ Գետաշեն, ուրեմն մոլեռանդ ազգայնական եմ։
-Տեսա ՞ք, թե ձեր գլխին ինչ բերեցինք, – հարցրեց մեկը, – հիմա ասա`Ղարաբաղը մե ՞րն է, թե՞ ձերը:
-Մերն է, – ասացի։
Դուռը բացվեց, չորս հոգի ներս մտան։ Կրկնվեց նույն ծեծը...
Այլ կերպ ես չէի կարող, քանի որ բժիշկ եմ…
Իմանալով, որ բժիշկ կա խցում, բանտապահները երբեմն իրենք էին դիմում ինձ տարբեր բժշկական խորհուրդներով, կամ բերում էին ադրբեջանցի կալանավորների, որոնց ես լսում էի ու աշխատում որևէ խորհուրդ տալ։ Այլ կերպ ես չէի կարող, քանի որ բժիշկ եմ։ Բայց նույն բանտապահները քիչ հետո ամենայն դաժանությամբ ծեծում էին ինձ, ասես քիչ առաջ իրենք չէին օգնություն հայցում։
Հասկանում էինք, թե ինչ կլիներ, եթե մի խոսքով անգամ շեղվեինք «սցենարից»…
Ինչ որ մեկը հայտարարեց, որ մեզ ազատ են արձակելու և ուղեկցելու են մինչև Հայաստանի սահմանը, բայց պետք է խելամիտ լինել և պատասխանել մի քանի հարցերի ճշտորեն։
Ու սկսվեց ներկայացումը` մեկ առ մեկ ստիպեցին ոտքի կանգնել, ներկայանալ և ասել, որ մեզ ապահովել են սննդով, անկողնային սպիտակեղենով (պատկերացնո՞ւմ եք), բուժօգնությամբ, ծխախոտով և այն ամենով, ինչի կարիք ենք ունեցել։ Որ ոչ մի բռնություն չի կիրառվել մեր նկատմամբ և որևէ պահանջ չունենք։ Մնում էր շնորհակալություն հայտնել հարազատ բանտին ու Ադրբեջանի կառավարությանը նման ջերմ վերաբերմունքի համար։ Մենք ստիպված էինք խաղալ մեզ առաջադրված դերը, քանի որ հասկանում էինք, թե ինչ կլիներ, եթե մի խոսքով անգամ շեղվեինք «սցենարից»:
Ինձ թվում էր, թե կվազեմ դեպի Հայաստան…
Վերջապես ընթերցեցին ցուցակը և, վերադարձնելով մեր փաստաթղթերը, ազատ արձակեցին: Ինձ թվում էր, թե կվազեմ դեպի Հայաստան, թվում էր` համբուրելու եմ հողը, բայց կարկամել էի, ուժ չկար։ Զգում էի, որ երազ չի, բայց չէի կարողանում հավատալ իրականությանը: Ուրեմն՜դժոխքից վերադարձ կա…
Վերջապես մոտեցա մեր շենքին, բարձրացա երկրորդ հարկ: Տեր Աստված, մի՞թե ես տանն եմ, և այս դռան ետևում իմ ընտանիքն է:
Մի օր կնստենք ավտոմեքենա ու երեխաներս կհարցնեն՝ ու՞ր ենք մեկնում...
Գետաշենի հիմնահարցը այդպես էլ մնում է չլուծված: Ամբողջական ու ինքնատիպ այդ գյուղից այժմ խլյակներ են մնացել` ցրվելով Հայաստանի ու Ռուսաստանի տարբեր անկյուններում։ Մինչդեռ անգամ բանտում մի փափագ ունեի`մի օր կնստենք ավտոմեքենա ու երեխաներս կհարցնեն` ո՞ւր ենք մեկնում:
-Գետաշեն, – կպատասխանեմ ես։
Հուսով էի, որ գոնե նրանց իրական հնարավորություններ կընձեռնվի կառուցելու նոր գյուղ՝ պահպանելով ու հարստացնելով պապենական արհեստները, շենի ավանդույթները, բառ ու բան:Ավաղ, փափագս անկատար է մնում:



Անի Աֆյան



























