Վլադիվոստոկում երեք տարեկան տղան ողջ է մնացել, որովհետեւ նրա անկմանը խանգարել է պատուհանի մոտ տեղադրված օդորակիչը։ Երեխան ընդամենը մի հարկ է ընկել ու կախվել է մետաղական կառուցվածքից, փոխանցում է Lifenews-ը։
Իններորդ հարկի բնակիչը, որն այդ դեպքի ականատեսն է դարձել, անմիջապես օգնության է նետվել։ Երիտասարդ տղամարդը, սեփական կյանքը վտանգելով, սավաններով իջել է երեխայի մոտ եւ նրան ազատել վտանգավոր բարձրությունից։
Փրկարար տղամարդը՝ Արթուր Կոսովեցը, իր արարքի մասին խոսելով համեստորեն եւ կատակելով ասել է, որ ինքը լեհ է, բայց դա իրեն չի խանգարում բարի գործեր անել։
«Ինձ օգնեցին կապկպվել եւ ցած իջնել, -պատմել է Արթուրը։ Պատուհանը փակ էր, ստիպված եղա ապակին ջարդել։ Ադրենալինս բարձրացավ»։
Տղամարդու խոսքով, նա նույնիսկ չի հասցրել կշռադատել իր արարքը, առավել եւս չի մտածել սեփական կյանքին սպառնացող վտանգի մասին, պարզապես փոքրիկ տղայի լացն իրեն անտարբեր չի թողել։




























