Վրաստանն անհանգստանալու առիթ չունի Ռուսաստանի Զինված ուժերի հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի զորամասերի օպերատիվ-ռազմավարական «Կովկաս-2009» զորավարժությունների առիթով։ Այս մասին հունիսի 29-ին Վիլնյուսում, որտեղ աշխատանքն է սկսել Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) 18-րդ նստաշրջանը, հայտարարել է վեհաժողովի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը,- հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ողջունում այնտեղ զինվորական ստորաբաժանումների առկայությունը, սակայն Վրաստանի փոխարեն ես այդ կապակցությամբ առանձնապես չէի անհանգստանա»,- հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաու Սոարեշի հետ տված համատեղ մամլո ասուլիսում։ «Կարող եմ հավաստիացնել, որ մենք ուշադիր հետևում ենք Կովկասում տիրող իրավիճակին»,- նշել է իր հերթին Սոարեշը։ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ-ին կհաջողվի պահպանել իր առաքելությունը Վրաստանում։

Խորհրդարանական վեհաժողովի նախագահն ընդգծել է. «Մենք միջազգային միակ կազմակերպությունն ենք , որը դիտորդի դերը Վրաստանում լավագույնս կարող է կատարել, և հույս ունենք, որ այնուամենայնիվ կհաջողվի պայմանավորվել Ռուսաստանի հետ դիտորդներն այնտեղ պահելու հարցում» ։