Հայ առաքելական եկեղեցին չի հրաժարվում մկրտել իսլամացած հայերին, պարզապես նրանք պետք է որոշակի ընթացակարգ անցնեն՝ հասկանալու համար, թե ինչ է քրիստոնեությունը, ինչ պարտավորություններ ունի քրիստոնյա մարդը, ու նոր միայն մկրտվեն Հայ առաքելական եկեղեցում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը` անդրադառնալով իսլամացած երեք հայերին, որոնք Հայաստան ժամանելով որոշել էին մկրտվել, սակայն մի քանի եկեղեցիներում նրանց մերժել էին:

Նա նշեց, որ եկեղեցին չի խոչընդոտում նման դեպքերը, այլ ցույց է տալիս ճանապարհը, որով խնդիրը կարող է լուծվել: Հոգևորականը նաև նշեց, որ մկրտվել ցանկացողը պետք է Պոլսո պատրիարքարանից թույլտվություն ստանա նախքան մկրտությունը: Իսկ եկեղեցու զգուշավորությունը վարդապետը բացատրում է մահմեդականների ապօրինի գործողություններին չներքաշվելու մտայնությամբ։

 «Մենք մտավախություն ունենք, որ մկրտության ներքո բազում թուրքեր կարող են մկրտվել, ինչը խնդիրներ կարող է ստեղծել առանց այն էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող պոլսահայ համայնքում»,- ասաց Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը:

Տեր Զաքարիայի խոսքով` մկրտվելու խնդրանքով շատ մահմեդականներ, հատկապես իրանցիներ են դիմում եկեղեցուն։ Բայց դա արվում է միայն մկրտության վկայական ձեռք բերելու նպատակով։ «Հենց մենք ասում ենք, որ կմկրտենք, բայց չենք տա վկայական, նրանք այլևս չեն ցանկանում։ Այդ վկայականը նրանց օգնում է դեպի Եվրոպա և ԱՄՆ գնալու հարցում»,-ասաց հոգևորականը` մարդկանց հորդորելով միայն զգացական դաշտում չդիտարկել այս հարցը։

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Հայաստանյաց առաքելական մի քանի եկեղեցիներ չեն մկրտել Համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու նպատակով Արեւմտյան Հայաստանի Դերսիմ գավառից Երեւան եկած իսլամացած երեք հայերի: