Այն պահից սկսած, երբ Իրանի միջուկային ծրագիրն սկսեց զայրացնել արեւմտյան հանրությանը, Իրանի վրա ռազմական հարձակման հավանականությունը միշտ եղել է եւ կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: «Պատերազմի վերսկսման հիմնական պատճառը կարող է լինել միջուկային Իրան տեսնելու Իսրայելի վախը: Իսկ Իսրայելի կողմից Իրանին հասցվելիք հարվածը կարող է լինել զուտ վախից թելադրված»,-ասաց փորձագետը: Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից Իրանի միջուկային ծրագրին հասցվելիք հարվածը աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար: Հավանական պատերազմի մեջ կներքաշվեն Պարսից Ծոցի երկրները, Իսրայելի հարեւանները, եւ պարտադիր ԱՄՆ-ը:

«Եվրոպան էլ անմասն չի մնա եւ պատերազմում կարեւոր քաղաքական գործառույթներ կվերապահի իրեն: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այդ երկիրը նույնպես կփորձի վերցնել իր շահաբաժինը»,-նշեց փորձագետը:  Նրա կարծիքով՝ պատերազմի արդյունքում  հաղթողները կլինեն նավթ արդյունահանող երկրները, բացի Ծոցի երկրներից, որոնք կարող են ավերվել հնարավոր պատերազմի հետեւանքով: «Ռուսաստանը եւ Մերձավոր Արեւելքից դուրս նավթարդյունահանող մյուս երկրները պարզապես կշահեն, քանի որ նավթի գները կհասնեն պատմական ռեկորդային մակարդակի»,-ասաց Մեհրաբյանը: Ինչ վերաբերում է  Հայաստանին, ապա, փորձագետի կարծիքով, հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանը թեեւ դուրս կմնա պատերազմական գործողությունների թատերաբեմից, սակայն  հայ-իրանական կապերը կարող են ուղղակիորեն վտանգվել՝ Հայաստանին դնելով ծանր կացության մեջ:

Նշենք, որ ըստ արեւմտյան հեղինակավոր պարբերականների կանխատեսումների,  Իսրայելն արդեն օգոստոսի 20-ին հնարավոր է ռմբակոծի Բուշերի ատոմակայանն ու Իրանի միջուկային այլ օբյեկտներ: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին լիազոր ներկայացուցիչ Ջոն Բոլտոնը հայտարարել է, թե Իսրայելին հաշված օրեր են մնում Բուշերի ատոմային ռեակտորին հարվածելու համար: Իսկ իսրայելական բանակի բարձրաստիճան մի ներկայացուցիչ Financial Times Deutschland-ին տված բացառիկ  հարցազրույցում հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է պատրաստ լինի երկնքից հարվածել Իրանին, եթե վերջինս այդպես էլ չզիջի միջուկային վեճում: