Այսօր` օգոստոսի 18-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց գրող, «Հրապարակ» թերթի լրագրող Գայանե Բաբայանի գործով դատավարությունը: Նրան վրաերթի ենթարկած Վահան Եղիազարյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Դավիթ Անհաղթ փողոցում Վահան Եղիազարյանը, հարբած վիճակում խախտելով երթեւեկության կանոնները՝ վրաերթի էր ենթարկել Գայանե Բաբայանին:
«Ինքը իրեն զրկել է նշված վրաերթը կանխելու հնարավորությունից, այսինքն, եթե նա չլիներ ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, երեւի չէր անցնի հանդիպակած ուղեմաս եւ նշված վրաերթը տեղի չէր ունենա»,- իր ամփոփիչ ճառում նշեց մեղադրող դատախազ Վազգեն Մնացականյանը՝ միջնորդելով Վահան Եղիազարյանին դատապարտել չորս տարվա ազատազրկման:
Իսկ ամբաստանյալի պաշտպան Կարինե Ավանեսյանը պաշտպանյալի մարդկային ու բարոյական բարձր արժանիքների մասին երկարաշունչ ճառից հետո միջնորդեց ազատ արձակել մարդասպանին՝ բավարար համարելով նրա կրած պատիժը, որ ապրիլի 9-ից Եղիազարյանը կալանավորված է:
Ամբաստանյալի պաշտպանի այս հայտարարությունը ալեկոծեց դատարանի դահլիճի անդորրը եւ տարբեր ռեպլիկներ հնչեցին մեղադրյալին ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ:
Գայանե Բաբայանի իրավահաջորդ Աիդա Բաբայանն էլ հուզմունքից խեղդված ձայնով դատարանի ներկայացուցիչներին փոխանցեց իր ծեր հոր խնդրանքը՝ հնարավորինս խիստ մոտենալ 45-ամյա Գայանե Բաբայանին սպանողի հանդեպ:




























