Երասխում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով տուժածների մի մասն այսօր դուրս կգրվի:

Արարատի բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ գտնվող 8 հոգուց մեկը երեկ դուրս է գրվել, երկուսին էլ տեղափոխել են Երեւան: Մի կնոջ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտություններ անցնելու համար, իսկ իրանցի վարորդին, ով միացված էր արհեստական շնչառության ապարատին, տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Մյուս 5 ուղեւորների վիճակը բավարար է, նրանք հավանաբար այսօր դուրս կգրվեն: Հետագա բուժման կարիք ունի նրանցից երկուսը:

Տնօրենն ասաց, որ 5 տուժածներն էլ Գորիսից են, երեւի հետագա բուժումն էլ հենց այնտեղ անցնեն:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից էլ հայտնեցին, որ իրանցի վարորդի վիճակն արդեն լավ է, երեկ անջատել են արհեստական շնչառության ապարատը, շնչում է ինքնուրույն, գիտակցությունն առկա է, հնարավոր է նա հենց այսօր էլ դուրս գրվի:

Վեդիի հիվանդանոցի տնօրեն Մելքոն Կալոյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ երեկ կեսօրին դուրս է գրվել նաեւ «Մանկական Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում ներկայացրած եւ առաջին տեղը զբաղեցրած Վլադիմիր Արզումանյանի պապը: «Երեկ տուն է գնացել, գլխի վրա այտուց կար, վիզն էր ցավում, հետազոտեցինք, ոսկրային փոփոխություն չկար, ցանկացավ տուն գնալ, չխոչընդոտեցինք: Հոգեպես շատ ծանր վիճակում էր, անընդհատ լացում էր որդու համար, հենց տեղում, իր աչքի առջեւ էր մահացել որդին»,-հայտնեց տնօրենը:

Երգչի պրոդյուսեր Գայանե Մաշուրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Վլադիմիր Արզումանյանի հայրը եւ պապիկը ԼՂՀ-ից Երեւան էին գալիս անձնական գործերով: Նա նշեց, որ երգչի հոր հոգեհանգստի օրը դեռ հայտնի չէ, դա կապված է պապիկի առողջական վիճակի հետ: Վլադիմիր Արզումանյանի հոր հոգեհանգիստը կկայանա ԼՂՀ-ում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով:

Պարզվել է, որ բախվել են «Մերսեդերս Ե» մակնիշի 94 QS 444 պ/հ (Է. Հ. , 33 տարեկան), «Նիսսանա Տիանա» մակնիշի 471 ՍԼ 24 պ/հ (վարորդ` 1953 թ. ծնված Ա. Ա.), «Մերսեդես» մակնիշի 105 ԼՍ 67 պ/հ բեռնատար (վարորդ` 1959 թ. ծնված Ա. Գ. ), «ԴԱՖ» 34 NV 147 պ/հ (Ս. Ս., 36 տարեկան) բեռնատար, «ՄԱՔ» մակնիշի առանց պ/հ (վարորդ Ի. Խ., 55 տարեկան) բենզատար, «Ֆորդ Տրանզիտ» եւ «Տոյոտա Վիտս» (վարորդ` 1957 թ. ծնված  Գ. Պ. ) մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Ֆորդ Տրանզիտ», «Տոյոտա Վիտս» եւ «Մերսեդերս Ե» մակնիշի ավտոմեքենաներում: Վթարի հետեւանքով 1 մարդ մահացել է, իսկ 9-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: