Ղազախստանն արտաքսում է Հայաստանի մի քաղաքացու, ով Հայաստանում մեքենայություններ կատարելու մեղադրանքով հետախուզման մեջ է: Այս մասին հայտնել է Ղազախստանի մարզային դատախազության մամուլի ծառայության ղեկավար Ահմեդ Բալմաշեւը, հաղորդում է «Նովոստի Ղազախստանը»:

Նրա խոսքով, դեռեւս 2010-ի մարտին ՀՀ քաղաքացի Գեւորգ Հովհաննիսյանը, ապօրինի կերպով Ղազախստանի տարածքում գտնվելու պատճառով, Սանդիկթաուսի շրջանային դատարանի որոշմամբ, 10 օր կալանքի է ենթարկվել, որից հետո պետք է արտաքսեին երկրից:

«Սակայն Հովհաննիսյանը շարունակել է անօրինականորեն գտնվել Ղազախստանի տարածքում, ապրելով Բալկաշինո գյուղում, ինչի մասին չէին կարող չիմանալ Սանդիկթաուսի ՆԳ շրջանային բաժնում: Բացի այդ, պարզվել է, որ նա իր հայրենիքում հետախուզման մեջ է որպես հանցագործության հեղինակ եւ ենթական է կալանավորման»,- ասել է նա:

Ներկայումս, ձերբակալվածը գտնվում է մեկուսարանում: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «դիտավորյալ անօրինականորեն պետական սահմանը հատելը» հոդվածով: