Անցած տարվա օգոստոսի համեմատ այս տարի խոտածածկ տարածքներում 3 անգամ աճել են հրդեհները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողներին ասաց ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ , փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
«Եթե անցած տարի օգոստոսին խոտածածակ տարածքների հրդեհների թիվը 835 էր, ապա այս տարի 2475-ի է հասել: Հրդեհների քանակը չի աճել միայն Գեղարքունիքի և Լոռու մարզերում»,-ասաց նա:
Վրեժ Գաբրիելյանը նշեց, որ արդեն 2-րդ ամիսն է՝ ՀՀ ներթափանցած ջերմային ալիքը 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծել երկրում. «Ջերմային ալիքի տակ խոտածածկ տարածքներն սկսում են չորանալ և այրվել: Այժմ չորացման ամբողջ պրոցեսը տեղափոխվել է լեռնային տարածքներ»:
Վրեժ Գաբրիելյանը նաև տեղեկացրեց, որ գլոբալ տաքացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում եթե 1998-2009թթ. գրանցվել է ընդամենը 155 անտառային տարածքների այրման դեպք, ապա 2010-2015թթ. գրանցվել է 224 դեպք:
«Եթե մենք չկարողանանք պահպանել մեր անտառային տարածքները, ապա անապատացման խնդրի առաջ կկանգնենք: Ինչքան էլ մենք ջերմային ալիքների մասին խոսենք, մենք պետք է կարողանանք ճիշտ վարվել կանաչ տարածքների հետ: Մարդիկ, եթե փոքրիկ հրդեհ են նկատում խոտածածակ տարածքում, պետք է արագ հանգցնեն դա, ոչ թե ուրախացած թողնեն հեռանան»,-ասաց նա:





























