Երեկ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական գործողություների հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, ևս 563 մարդ ստացել են վնասվածքներ։ Նշենք, որ այս ընթացքում Իրաքի մայրաքաղաքում արդեն 10 պայթյուն է որոտացել։

Պայթուցիկների հիմնական մասը դրված է եղել կառավարական շենքերի մոտ տեղակայված մեքենաների մեջ։ Ամենամեծ ավերածություններն առաջացրել են ֆինանսների և ԱԳ նախարարությունների շենքերի մոտ տեղակայված բեռնատարների պայթյունները։ Դրանից զատ, Բաղդադը ռմբակոծվել է ականանետներով, որոնց ականներից մի քանիսն ընկել են կառավարական շենքերի վրա: Քաղաքում կաթվածահար է եղել երթևեկությունը:

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, ահաբեկիչները որպես թիրախ ընտրել են այն կառույցները, որոնք խորհրդանշում են Իրաքի անկախությունը։ Օգոստոսի 21-ի գիշերը մահմեդականների մոտ սկսվում է սուրբ Ռամադան ամիսը, իսկ նախորդ տարիներից հայտնի է, որ հենց այդ ժամանակ են սաստկանում բռնություններն ու ահաբեկչությունները: